Անթալիայի ֆորումի արձագանքները
Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցության և գրանցած արդյունքների վերաբերյալ իրարամերժ գնահատականներ են հնչում։ Մի կողմից՝ գոհունակություն կա, որ Հայաստանն առաջին անգամ միջազգային մեծ հարթակում կտրուկ և հիմնավոր կերպով արձագանքել է Ադրբեջանի նախապայմաններին, մյուս կողմից՝ հայտարարվում է, թե պաշտոնական Երևանը պատրաստ է նոր զիջումների հանուն խաղաղության։
Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելուց և այդ մասին հայտարարելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները առաջին անգամ հանդիպեցին Անթալիայում։ Վերլուծաբանները դիվանագիտական ֆորումի հարթակներից հնչած մի քանի ուղերձ են առանձնացնում։ Բայց նախ հենց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը արձանագրեց, որ խաղաղություն և հարաբերություններ հաստատելու պայմանագիրը ստորագրելու ժամկետ չկա։ Նրա ձևակերպմամբ՝ Հայաստանը պատրաստ է դա անելու ամենամոտ ապագայում, բայց այդպիսի պատրաստակամություն Ադրբեջանից չի հնչում: