Այսօր մենք հարգում ենք Մեծ Եղեռնի հիշատակը. Թրամփն ուղերձ է հղել
(last modified Fri, 25 Apr 2025 06:04:11 GMT )
Ապրիլ 25, 2025 09:34 Asia/Tehran
  • Այսօր մենք հարգում ենք Մեծ Եղեռնի հիշատակը. Թրամփն ուղերձ է հղել

ԱՄՆ-ի վարչակազմը նախկինի պես հավատարիմ է կրոնի ազատության ապահովմանը ու խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը, հավաստիացրել Է ԱՄՆ-ի ղեկավարը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ, այդպես էլ չօգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը։

«Այսօր մենք հարգում ենք Մեծ Եղեռնի հիշատակը և հարգում այն հրաշալի մարդկանց հիշատակը, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկի ժամանակ: 1915 թվականից սկսած ՝ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայեր աքսորվեցին և քշվեցին մահվան։ Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ մեծաթիվ համայնքին, որը սգում է բազմաթիվ զոհերի համար: Ամեն տարի ապրիլի 24-ին մենք հիշում ենք ամերիկյան և հայ ժողովուրդների միջև ամուր և մնայուն կապերը»,–նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Նա ընդգծել է, որ հպարտանում է Հայաստանի և Սիրիայի օգնության ամերիկյան կոմիտեով, որը 1915 թվականին ստեղծված բեկումնային կազմակերպություն է և մարդասիրական կարևորագույն աջակցություն է ցուցաբերել հայ փախստականներին։ Թրամփն իր երախտագիտությունն է հայտնել հազարավոր ամերիկացիներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել կամ կամավոր կերպով օգնել են սեփական տներից վտարված հայերին:

«Այսօր մենք վկայում ենք հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին՝ ընդդեմ ողբերգության։ Մեր բախտը բերել է, որ այդքան շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերել են մեր ափեր և մեծ ներդրում ունեցել մեր երկրի զարգացման գործում, այդ թվում ՝ պարգևատրված զինվորներ, հայտնի արտիստներ, հայտնի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ»,–նշել է նա:

Հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին, ԱՄՆ նախագահը նշել է, որ իր վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ կրոնի ազատության ապահովմանը և խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը:

«Մենք ակնկալում ենք շարունակել Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերությունը և պահպանել կայունությունը տարածաշրջանում, քանի որ մենք շարունակում ենք ձգտել կայուն բարգավաճման և անվտանգության»,–ասել է Թրամփն իր ուղերձում:

Հիշեցնենք՝ 2021 թվականի իր ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ արտաբերել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: ԱՄՆ նախագահ ընտրվելու արշավի ժամանակ Բայդենը խոստացել էր, որ երկրի ղեկավար դառնալու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իր պաշտոնավարման հետագա տարիներին նա վերահաստատել էր իր դիրքորոշումն այդ հարցում։

Նշենք, որ մինչ այդ ԱՄՆ միակ ղեկավարը, որ հրապարակային ելույթում արտաբերել էր «ցեղասպանություն» բառը, երկրի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն էր, որի քաղաքական խորհրդատուն ու ելույթներ գրող ռեֆերենտը հայազգի Քեն Խաչիկյանն էր։

arm.sputniknews