ՀՀ արտգործնախարարի տեղակալը հայ գերիների հարցը քննարկել է ՄԱԿ–ի ներկայացուցչի հետ
(last modified Thu, 01 May 2025 07:43:27 GMT )
Մայիս 01, 2025 11:13 Asia/Tehran
  • ՀՀ արտգործնախարարի տեղակալը հայ գերիների հարցը քննարկել է ՄԱԿ–ի ներկայացուցչի հետ

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրի հասցեագրման և անհետ կորածների ճակատագրերի բացահայտմանն ուղղված հարցեր է քննարկել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ:

Պաշտոնյաների հանդիպումը կայացել է Ժնևում՝ ՄԱԿ–ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակում։

Աբիսողոմոնյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին՝ ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է համագործակցության շարունակականության ապահովման կարևորությունը` հատկապես հաշվի առնելով Գրասենյակի փորձագիտական կարողությունները։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանն, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

arm.sputniknews