Հայաստանի ժուռնալիստների միությունը չի ընդունում «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցը
Հայաստանի ժուռնալիստների միությունը չի ընդունում արևմտյան ֆինանսավորում ունեցող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցը, հայտնում են միությունից։ Ըստ զեկույցի՝ Հայաստանում «ապատեղեկատվության աննախադեպ մակարդակ է, ինչը պայմանավորված է Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև բարդ հարաբերություններով»։
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է նաև լրագրող Անուշ Միրզոյանին առաջադրված մեղադրանքը։ Միրզոյանի վերաբերյալ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 4 տարվա վաղեմության «Սյունյաց ողջույնի» գործով: Նրան առաջադրվել էր զանգվածային անկարգություններին օժանդակման մեղադրանք, երբ լրագրողն ընդամենը ներկայացրել էր այդ օրվա իրադարձությունների ողջ ընթացքը:
«Տեղի ունեցածը ոչ միայն վկայությունն է իշխանությունների՝ ազատ խոսքի, այլակարծության նկատմամբ վերաբերմունքի, այլև սանձարձակ պահվածքի, ամենաթողության, անպատժելիության: Եվ զավեշտալին այն է, որ սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Մամուլի ազատության ամենամյա սանդղակում Հայաստանը ներկայացրել էր որպես իր դիրքերը բարելաված երկիր»,-նշված է հայտարարության մեջ:
Միությունը շեշտում է, որ սա ՀՀ գործող իշխանություններին թույլ է տալիս ոչ միայն շարունակել իրենց վարքը, ամենաթողությունը, այլև «հղում կատարելով այդ նույն զեկույցին և «կեղծ ժողովրդավարությանը»՝ էլ ավելի սանձարձակ դառնալ՝ նորանոր քայլեր գործադրելով լրատվամիջոցների ու խոսքի ազատության դեմ»:
Sputnik