Հարավային Կովկասում «միջանցքի» տրամաբանություն չպետք է լինի․ Իրանի փոխարտգործնախարար
(last modified Mon, 26 May 2025 09:14:45 GMT )
Մայիս 26, 2025 12:44 Asia/Tehran
  • Հարավային Կովկասում «միջանցքի» տրամաբանություն չպետք է լինի․ Իրանի փոխարտգործնախարար

Հարավային Կովկասում պետք է լինի կապվածություն, այլ ոչ թե կտրվածություն, իսկ «միջանցքի» տրամաբանությունը հենց կապի խզումն է։ Այսօր «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն՝ հերթական անգամ բարձրաձայնելով Թեհրանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։

«Շատ կարևոր է, ես ցանկանում եմ շեշտել և շատ հստակ ասել՝ մենք չենք ընդունում որևէ աշխարհագրական փոփոխություն տարածաշրջանում, ինչ էլ որ այն անվանենք՝ «Զանգեզուրի միջանցք» կամ մեկ այլ բան։ Մենք աջակցում ենք այն ամենին, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը կպայմանավորվեն իրար միջև, բայց այդ պայմանավորվածությունը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի, նորմերի, երկրների ինքնիշխանության և ինքնավարության սկզբունքների վրա»,- շեշտեց Իրանի փոխարտգործնախարարը։

Նա հիշեցրեց, որ վերջերս ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Թեհրանում մասնակցել են մեկ այլ պանելային քննարկման, որի ժամանակ ևս խոսվել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Իմ ցանկությունն էր լսել Հայաստանից, որ ոչ մի միջանցք չի կարող լինել։ Միջանցքի տրամաբանությունն է կտրել կապը տարածաշրջանում, դա մի բան է, որը մենք չենք տեսնում մեր տարածաշրջանի ապագայի համար»,- ասաց Խաթիբզադեն։

Նա հավելեց՝ Իրանը 100 տոկոսով աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հավատում է, որ մոտ ապագայում դա հնարավոր կլինի անել։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը լավ է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

«Այս տարածաշրջանի ներուժը երբևէ չի իրացվել, մեր բազմաթիվ նախաձեռնություններն ու ծրագրերն այս ամենի զոհն են դարձել՝ աշխարհաքաղաքական մրցավազքի և այլն։ Խաղաղությունը միայն մի տարբերակ չէ, այն ամենակարևորն է, դա մի բան է, որին մենք բոլորս պետք է նվիրաբերենք մեր էներգիան և ռեսուրսները,- ասաց իրանցի նախարարը՝ կրկին շեշտելով, որ որևէ բան չպետք է փոխի այս տարածաշրջանի աշխարհագրական պատկերը,– խաղաղությունն այն է, ինչի կարիքն իսկապես ունենք տարածաշրջանում, և Իրանը պատրաստ է իր բոլոր կարողությունները ներդնել այն իրականություն դարձնելու համար»,- հայտարարեց Խաթիբզադեն։

Հիշեցնենք՝ Թեհրանում անցկացվող Միջազգային երկխոսության համաժողովում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագիծը գոյություն չունի։ «Irna» իրանական գործակալությունը մեջբերել էր Գրիգորյանի ասածը՝ Հայաստանը երբեք չի օգտագործել միջանցք տերմինը, և նման ձևակերպում չկա քննարկումների օրակարգում։

 Sputnik