Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ժամանեց Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի խորհրդարանի Վերին պալատի մամուլի ծառայությունը:
«Դաշնության խորհրդի պատվիրակությունը` խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Ծրագրով նախատեսված է, որ Վալենտինա Մատվիենկոն հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության հետ: Մասնավորապես նախատեսվում է զրույց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ», - ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունում նաև նշել են, որ Մատվիենկոն և Սիմոնյանը կբացեն ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը, որի հիմնական թեման կլինի «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն ապագա սերունդների համար պատմական հիշողության պաշտպանության գործում»: Նույն օրը Մատվիենկոն կմասնակցի ռուս-հայկական միջտարածաշրջանային տասներորդ համաժողովին։
Հայաստան ժամանած պատվիրակության կազմում են Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը, պաշտպանության կոմիտեի նախագահ Վլադիմիր Բուլավինը, միջազգային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, սոցիալական կոմիտեի ղեկավարի տեղակալ Յուլյա Լազուտկինան, տարածաշրջանային կոմիտեի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ուսսը, միջազգային կոմիտեի անդամ Ալեքսանդր Կարելինը և սոցիալական կոմիտեի անդամ Անդրեյ Չերնիշևը:
arm.sputniknews