Ավելի հավանական է` ՀԱՊԿ-ից դուրս գանք, քան ապասառեցնենք մեր անդամակցությունը. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i234796
Պաշտոնական Երևանն ավելի հավանական է համարում ՀԱՊԿ անդամակցությունն ամբողջությամբ դադարեցնելը, քան անդամակցության սառեցումը դադարեցնելը։
(last modified 2025-07-16T14:30:05+00:00 )
Հուլիս 16, 2025 18:00 Asia/Tehran
  • Ավելի հավանական է` ՀԱՊԿ-ից դուրս գանք, քան ապասառեցնենք մեր անդամակցությունը. Փաշինյան

Պաշտոնական Երևանն ավելի հավանական է համարում ՀԱՊԿ անդամակցությունն ամբողջությամբ դադարեցնելը, քան անդամակցության սառեցումը դադարեցնելը։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որքան է շարունակվելու ՀԱՊԿ անդամակցության սառեցումը։

«Ավելի հավանական է, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս կգանք, քան թե կապասառեցնենք մեր անդամակցությունը»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:

Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։  Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:

Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։

Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։