Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի ուղի» նախագծի մանրամասները
https://parstoday.ir/hy/news/armenia-i235814
Ռուսաստանը կուսումնասիրի Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ստորագրած հռչակագրով ստեղծվելիք «Թրամփի ուղի» նախագծի մանրամասները:
(last modified 2025-08-13T16:10:35+00:00 )
Օգոստոս 13, 2025 17:50 Asia/Tehran
  • Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի ուղի» նախագծի մանրամասները

Ռուսաստանը կուսումնասիրի Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ստորագրած հռչակագրով ստեղծվելիք «Թրամփի ուղի» նախագծի մանրամասները:

Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։ 

«Ինչ վերաբերում է «Թրամփի ուղուն», Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակված չեն:  Ինչպես արդեն նշել ենք՝ Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը պետք է առաջ մղի խաղաղության օրակարգը, այլ ոչ թե ստեղծի նոր խնդիրներ և նոր բաժանարար գծեր»,-ասել է Ֆադեևը։ 

Նա ընդգծել է, որ այդ նախագիծն իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև ռուս սահմանապահների ներկայությունը Սյունիքի մարզում։

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար (Trump Route for International Peace and Prosperity) հռչակագիրը ստորագրել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին:  Հռչակագրի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է. «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։