Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի․ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i236594-Հայաստանի_և_Չինաստանի_հարաբերությունները_բարձրացվել_են_ռազմավարական_գործընկերության_մակարդակի_Փաշինյան
Պեկինում՝ Ժողովուրդների մեծ պալատում, կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) փոխնախագահ Հան Ճենի հետ։
(last modified 2025-09-03T11:56:32+00:00 )
Սեպտեմբեր 03, 2025 15:26 Asia/Tehran
  • Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի․ Փաշինյան

Պեկինում՝ Ժողովուրդների մեծ պալատում, կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) փոխնախագահ Հան Ճենի հետ։

Հան Ճենը ողջունել է վարչապետ Փաշինյանի այցը ՉԺՀ և մասնակցությունը ՇՀԿ գագաթնաժողովին ու Պեկինում անցկացված շքերթին։ Նա նշել է, որ ՀՀ վարչապետի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի արդյունավետ հանդիպման արդյունքն է Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը, ինչը կնպաստի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը։ Հան Ճենն իր խոսքում նշել է, որ Չինաստանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատումը, և այդ առումով վարչապետի այցը ունի առանցքային նշանակություն։

Փաշինյանը շեշտել  է, որ Չինաստան կատարած աշխատանքային այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։ Վարչապետը նշել է, որ այցի արդյունքում Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում կապերի հետագա խորացման ու ընդլայնման համար։ Նա նաև նշել է, որ վերջին տարիներին համագործակցությունը զարգանում է քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, ամրապնդվում են ժողովուրդների միջև կապերը։ Վարչապետի խոսքով՝ երկու ժողովուրդները մեծ համակրանք ունեն միմյանց նկատմամբ, ինչը ամուր հիմք է համապարփակ համագործակցության առաջխաղացման համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային կարևորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ և համոզմունք հայտնել, որ առաջիկայում Հայաստան–Չինաստան համագործակցությունը կզարգանա ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ բազմակողմ հարթակներում։