Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Գյումրի-Կարս երկաթուղին գործարկելու ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i236934-Հայաստանն_ու_Թուրքիան_պայմանավորվել_են_քայլեր_ձեռնարկել_Գյումրի_Կարս_երկաթուղին_գործարկելու_ուղղությամբ
Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը Երևանում անցկացրել են իրենց վեցերորդ հանդիպումը:
(last modified 2025-09-12T14:48:27+00:00 )
Սեպտեմբեր 12, 2025 18:18 Asia/Tehran
  • Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Գյումրի-Կարս երկաթուղին գործարկելու ուղղությամբ

Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը Երևանում անցկացրել են իրենց վեցերորդ հանդիպումը:

ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ այս հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով:

Այս համատեքստում նրանք մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ։

Հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը:

 Կողմերը  նաև պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները՝ Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։

Նրանք նաև պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություններ ստեղծելու և պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով:

Հատուկ ներկայացուցիչները նաև համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ միտված այլ հետաքրքրված ընկերությունների կողմից 2026 թվականի ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնելուն, ինչը կավելացնի օդային երթուղիների և թռիչքների թիվը երկու երկրների միջև:

Եզրափակելով՝ Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են հանձնառությունը շարունակել այս գործընթացն առանց որևէ նախապայմանի։