Գարեգին Բ–ն Հռոմի պապին է ներկայացրել արցախահայերի և գերիների խնդիրները
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Հռոմի պապի ամառային նստավայր Կաստել Գանդոլֆոյում հանդիպել է Լևոն 14-րդ Պապի հետ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Զրույցի ընթացքում երկու հովվապետներն անդրադարձել են աշխարհում տեղի ունեցող արհավիրքներին ու մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու փորձություններին։ Հայոց վեհափառը Հռոմի պապին է ներկայացրել Արցախից՝ իրենց բնօրրանից տեղահանված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առաջ կանգնած հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների և պատանդառվածների ազատ արձակման հրամայականը։
Կաթողիկոսը հիշեցրել է երկու եկեղեցիների միջև ստեղծված ամուր կապերը, որոնք ամրապնդվել են երջանկահիշատակ երկու պապերի՝ 2001թ․Հովհաննես Պողոս Երկրորդի և 2016թ․ Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցելություններով։
Գարեգին Երկրորդը հիշեցրել է նաև, որ 2015թ–ին` Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ, Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվել է սրբազան պատարագ, իսկ Հայոց եկեղեցու մեծագույն սրբերից Գրիգոր Նարեկացին հռչակվել է որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ։
«Հովվապետները կարևորեցին եկեղեցիների առաքելությունը աշխարհում արդարության ու խաղաղության հաստատման, ժողովուրդների համերաշխ գոյակցության ապահովման գործում՝ հավատարիմ տերունավանդ կոչման՝ առատացնելու մարդկանց սրտերում հավատը, հույսը և սերը։ Ընդգծվեց անհրաժեշտությունը` միավորելու եկեղեցիների ջանքերը հանուն Ավետարանի լույսի տարածման, մարդկանց իրավունքների պաշտպանության և բարօր ու ապահով աշխարհի կերտման»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայոց վեհափառը Հռոմի պապին նաև Հայաստան է հրավիրել։
Հանդիպման ավարտին Ամենայն հայոց կաթողիկոսի պատվիրակության անդամները ստացել են Հռոմի պապի օրհնությունը։
Վատիկան այցի շրջանակներում Գարեգին Բ-ն Հռոմի Սուրբ Մարիամ բազիլիկում աղոթել է Ֆրանցիսկոս պապի շիրիմի առջև։