Հայաստանը աստղագիտական հնագույն ժառանգություն ունեցող եզակի երկրներից է. Արեգ Միքայելյան
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում հոկտեմբերի 6-ին մեկնարկեց «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը-2» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովը, որն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:
Միջոցառման ընթացքում զեկույցներ են ներկայացնելու 13 երկրներից ժամանած խոսնակներ:
Միջոցառումը միտված է աստղագիտության և նրա մշակութային ազդեցության ընդգծմանը: Նպատակն է ձևավորել գիտաժողովների շարունակական շարք՝ կարևորելու Հայաստանի, հատկապես՝ Բյուրականի աստղադիտարանի դերը աստղագիտական ժառանգության ուսումնասիրության ոլորտում։
Տեղին է նշել, որ Հայաստանի գլխավոր աստղադիտարանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Աշխարհի հիշողություն» ծրագրի վկայագրած փաստաթղթային ժառանգության՝ Մարգարյանի շրջահայության պահոցն է։
Գիտաժողովին մասնակցում են ոլորտի լավագույն մասնագետներ`
Ավստրալիաից, Ավստրիաից, Իսպանիաից, Իտալիաից, ինչպես նաև երիտասարդ աստղագետներ, պատմաբաններ, հնագետներ, լեզվաբաններ, մշակութաբաններ Հայաստանից, Եգիպտոսից, Իրանից, Թուրքիայից, Հորդանանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Չինաստանից:
Գիտաժողովի կազմակերպիչներն են Բյուրականի աստղադիտարանը, Միջազգային աստղագիտական միության Հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը (SWCA ROAD), Հայկական աստղագիտական ընկերությունը (ArAS), ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, Արտաքին գործերի նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը և Գիտությունների ազգային ակադեմիան։
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն հայտնեց, որ գիտաժողովն առաջին անգամ անցկացվել է 2017 թվականին: Այն կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Աստղագիտությունը և համաշխարհային ժառանգությունը» ծրագրի շրջանակում: Սա նաև հիշեցում է Հայաստանի աստղագիտական անչափ հարուստ ժառանգության մասին:
«Բավական է նշել, որ հայերն ունեն հնագույն օրացույցներ: Դա մշակույթի ամենամեծ դրսևորումներից է: Բուն Հայկյան օրացույցը ստեղծվել է 2492 տարի առաջ և համարվում է աշխարհում հնագույններից մեկը: Մշակույթի ինքնատիպ դրսևորում են ժայռապատկերները, որոնք լայնորեն տարածված են պատմական Հայաստանի ողջ տարածքում, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետությունը: Դրանց զգալի մասը տիեզերական թեմաներով է, քարերի վրա պատկերված են գիսավորներ, Արեգակը, Լուսինը: Հետաքրքիր է, որ հայերը հնագույն ժամանակներից ստեղծել են նաև օրացուցային թեմաներով ժայռապատկերներ: Հաճախ կարելի է հանդիպել իրար հաջորդող 7 կետի, նույնիսկ, 365-ի պատկերի: Հանրահայտ են նաև Զորաց քարերը, Մեծամորի հնավայրի և Ուղտասարի քարերը: Շատերը հակված չեն դրանք հնագույն աստղադիտարաններ համարելու վարկածին, բայց գտնում եմ, որ այդ ձեռակերտ հուշարձանները ծառայել են կրոնական և աստղադիտման նպատակներով»,- նշեց Արեգ Միքայելյանը:
Նա ընդգծեց, որ օրացույց ստեղծելը դյուրին չէ՝ պետք է մեկ, անգամ՝ մի քանի տարի պարբերաբար հետևել արևածագի և մայրամուտի կետերին, ժամանակահատվածին, հետո էլ՝ արձանագրել և համեմատել դրանք:
«Այդ պատճառով են համապատասխան կառույցները շրջանաձև: Իմ խորին համոզմամբ՝ առանց նման կառույցների անհնար էր օրացույց ստեղծել: Եթե անգամ չունենայինք Զորաց քարերը, ապա կպնդեի, որ ունեցել ենք համապատասխան կառույցներ: Բայց հիմա այդ ամենը կարելի է տեսնել, շոշափել և ուսումնասիրել»,- ասաց մեր զրուցակիցը: Աստղադիտարանի տնօրենը հիշեցրեց նաև միջնադարի հայ գիտնականներ Անանիա Շիրակացու, Մխիթար Սեբաստացու և Ղուկաս Վանանդեցու մասին, որոնք նույնպես զբաղվել են աստղային երկնքի ուսումնասիրությամբ: Եվ այդ հարուստ ժառանգության պսակը արդեն XX դարում ստեղծված Բյուրականի աստղադիտարանն է, և աշխարհում հայտնի հայկական աստղագիտական դպրոցը, որի կարկառուն ներկայացուցիչն է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը: Ի դեպ, Բյուրականի աստղադիտարանն ընդգրկված է համաշխարհային նշանակալի աստղագիտական արժեքների ցանկում:
Արեգ Միքայելյանը գտնում է, որ Հայաստանի աստղագիտական հարուստ ժառանգությունն անհրաժեշտ է ավելի լայնորեն ներկայացնել աշխարհում, որպեսզի նոր սերունդը նույնպես տեղեկացված լինի դրա մասին: Նրա խոսքով՝ այդ նպատակին է ծառայում նաև սույն գիտաժողովը: Հեռանկարային կարող է լինել նաև այսպես կոչված աստրոտուրիզմի զարգացումը: Այն կարող է գրավել հատկապես հնագույն մշակույթներով հետաքրքրված զբոսաշրջիկներին: Ռումինացի գիտնական Մարկ Ֆրինկուն նման գիտաժողովները կարևորելով աստղագիտության հանրահռչակման ընդլայնման տեսանկյունից՝ միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանը աստղագիտական մեծ ժառանգություն ունի, որը դեռ ամբողջապես չի ուսումնասիրվել: