ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում․ Պեսկով
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն անպատասխանատու հայտարարություններ է անում, պարզապես չի հասկանում, թե ինչի մասին է խոսում։
Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Ռուսաստանի հետ պատերազմին պատրաստվելու անհրաժեշտության մասին խոսքերը։
«Մենք, փառք Աստծո, մեծացել ենք մի երկրում, որտեղ խնամքով պահպանում ենք հիշողությունն այն մասին, թե ինչ հաջողվեց անել Եվրոպան ֆաշիզմից փրկելու համար»,- նշել է նա։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ դաշինքը կարող է դառնալ Ռուսաստանի հաջորդ թիրախը։
Նա նշել էր, որ դաշինքի չափազանց շատ անդամներ «չեն զգում իրավիճակի հրատապությունը» և կարծում են, որ «ժամանակը մեր օգտին է»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել էր, որ դաշնակիցների պաշտպանական ծախսերը և արտադրությունը պետք է արագ աճի, և որ նրանց զինված ուժերը պետք է ունենան անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ ամեն ինչ։
Ռյուտեն հավելել էր․ «Հակամարտությունը մեր շեմին է»։ Նա կոչ էր արել ՆԱՏՕ-ի երկրներին միասնության և վճռականության, ինչպես նաև պաշտպանության մեջ ներդրումներ անել։