Գյումրիում 8 անձ է ձերբակալվել կաշառքի գործով․ Հակակոռուպցիոն կոմիտե
https://parstoday.ir/hy/news/armenia-i238254-Գյումրիում_8_անձ_է_ձերբակալվել_կաշառքի_գործով_Հակակոռուպցիոն_կոմիտե
Գյումրիում 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
(last modified 2025-10-20T08:27:14+00:00 )
Հոկտեմբեր 20, 2025 11:57 Asia/Tehran

Գյումրիում 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուժայիններն առավոտյան ներխուժել են Գյումրու քաղաքապետարան, փորձում են բերման ենթարկել համայնքապետ Վարդան Ղուկասյանին, որը մեկուսացել է իր առանձնասենյակում։

Նշվում է, որ կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ։

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 8 անձանց, ներառյալ համայնքի ղեկավարի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու և ձերբակալելու որոշումներ»,- հայտնում են կոմիտեից։

Կոմիտեի հրապարակված տեսանյութում ներառված են նաև գաղտնալսված ձայնագրություններ, որոնցում ենթադրաբար զրուցում են Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանն ու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Գյումրու համայնքի ղեկավարն ու գլխավոր ճարտարապետը  կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր այն մասին, որ շինությունն իբրև թե քանդվել է, նորը կառուցվել, այդպիսով օրինականացվել է այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափի՝ 4 մլն դրամի չափով կաշառք։

Ըստ կոմիտեի՝ գլխավոր ճարտարապետը, համայնքի ղեկավարի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ինքնակամ շինությունը կառուցած քաղաքացու հետ՝ քննարկումներ ունենալով քաղաքային պաշտոնյաների կողմից շինությունն օրինականացնելու գործընթացի մանրամասների, ինչպես նաև կաշառքի գումարը փուլային փոխանցելու և ստանալու վերաբերյալ, այսինքն՝ «գործարք-գումար» սկզբունքով։

«Քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ հանցավոր խմբի անդամները, ձգտելով ապահովել իրենց կոռուպցիոն գործողությունների գաղտնիությունը և շարունակականությունը, նպատակուղղված թիրախավորել են Գյումրու համայնքի ավագանու՝ իրենց ոչ ցանկալի անդամներին՝ նրանց վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ հավաքելու և շանտաժի միջոցով վերահսկելի դարձնելու հաշվարկով»,- հայտնում են կոմիտեից։

Նշվում է, որ համայնքի ղեկավարը նախաձեռնել է նաև պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու գործընթաց՝ համայնքի հաշվեկշռում գտնվող, փաստացի իր կողմից օգտագործվող հողամասը, արհեստական հիմքերի ստեղծմամբ, իր ներգրաված անձի անվամբ սեփականաշնորհելու և մերձավոր ազգականին պատկանող ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու նպատակով։

Կոմիտեն նշում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ գլխավոր ճարտարապետի կողմից ևս 6 դեպքով ապօրինի գործողություններ են կատարվել՝ դրանց դիմաց քաղաքացիներից տարբեր չափերի կաշառքներ ստանալով։

Օպերատիվ-հետախուզական և ապացուցողական գործողությունները շարունակվում են՝ ամբողջությամբ բացահայտելու կոռուպցիոն սխեմայի կառուցվածքն ու գործող մեխանիզմները, ինչպես նաև հանցավոր ցանցում ներգրավված անձանց ամբողջ շրջանակը։

Նախնական տվյալով՝ կոմիտեի հաղորդագրության մեջ նշված քաղաքացին «Ֆաբրիկա» խանութների ցանցի սեփականատեր, գործարար Սևակ Գոմցյանն է։

Հիշեցնենք` հոկտեմբերի 1–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։...Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»: