Խաղաղությունը պետք է կառուցվի հումանիտար արժեքների եւ արդարության հիմքի վրա. Հասմիկ Հակոբյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i238388-Խաղաղությունը_պետք_է_կառուցվի_հումանիտար_արժեքների_եւ_արդարության_հիմքի_վրա._Հասմիկ_Հակոբյան
Շվեյցարիայում կայացել է Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովը, որին մասնակցել եւ ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը:
(last modified 2025-10-23T14:44:18+00:00 )
Հոկտեմբեր 23, 2025 18:14 Asia/Tehran
  • Խաղաղությունը պետք է կառուցվի հումանիտար արժեքների եւ արդարության հիմքի վրա. Հասմիկ Հակոբյան

Շվեյցարիայում կայացել է Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովը, որին մասնակցել եւ ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը:

Հասմիկ Հակոբյանի ելույթը հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը։ 

«Հարգելի՛ գործընկերներ,Մեծ պատիվ է այսօր հանդես գալ մի թեմայով, որն առանձնահատուկ կարեւորություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ մեր ժողովրդի համար՝ հումանիտար նորմերի պահպանման եւ հումանիտար գործողությունների աջակցության մասին ճգնաժամային պայմաններում:  Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գլոբալ մարտահրավերները՝ պատերազմները, բռնի տեղահանությունները եւ բնական աղետները, փորձության են ենթարկում ոչ միայն միջազգային իրավունքը, այլեւ մեր համընդհանուր բարոյական արժեքները: Այս իրողությունների պայմաններում առաջ է գալիս հիմնարար հարց. ունե՞նք մենք՝ որպես միջազգային հանրություն, բավարար կամք մարդկային արժանապատվությունը դնել քաղաքական շահերից վեր: Հայաստանի համար սա տեսական քննարկում չէ: Դա մեր ապրած իրականությունն է: Վերջին տարիներին մեր տարածաշրջանը բազմիցս եղել է հակամարտությունների եւ հումանիտար ճգնաժամերի կիզակետում: Հազարավոր ընտանիքներ են տուժել, հազարավոր կյանքեր՝ կորսվել, իսկ հարեւանների միջեւ վստահությունը` խաթարվել: Այսօր մենք կանգնած ենք պատմական պահի առաջ: 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրել են նախնական համաձայնագիր, որը կարող է դառնալ մեր տարածաշրջանի խաղաղության պատմական շրջադարձային փուլը: Սակայն խաղաղությունը չի սահմանափակվում փաստաթղթերով: Խաղաղությունը պետք է կառուցվի հումանիտար արժեքների եւ արդարության հիմքի վրա: Միջազգային հումանիտար իրավունքի լիարժեք կիրարկումը նշանակում է պաշտպանել տեղահանված անձանց իրավունքներն ու անվտանգությունը, պահպանել մշակութային ժառանգությունը եւ ապահովել հումանիտար օգնության մատչելիությունը` առանց խտրականության: Այս սկզբունքները մեզ կապում են միմյանց` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամների: Այո՛, ներկայացվող խաղաղության համաձայնագիրը պարզապես երկկողմ փաստաթուղթ չէ: Այն փորձաքար է` ցույց տալու, թե արդյոք երկու երկրներ, որոնք երկար տարիներ եղել են հակամարտության հակադիր կողմերում, կարող են հիմնվել հումանիտար նորմերի վրա եւ կառուցել կայուն, արժանապատիվ խաղաղություն: Եթե դա հաջողվի,  ապա այն կդառնա հզոր ուղերձ ամբողջ աշխարհին, որ անգամ ամենադժվարին իրավիճակներում մարդասիրությունը կարող է լինել խաղաղության ճշմարիտ ուղեցույցը>>: