Մհեր Գրիգորյանը ՄԱԿ հիմնադրման 80-ամյակի առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով
https://parstoday.ir/hy/news/armenia-i238424-Մհեր_Գրիգորյանը_ՄԱԿ_հիմնադրման_80_ամյակի_առթիվ_հանդես_է_եկել_շնորհավորական_ուղերձով
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման ութսունամյակի միջոցառմանը։
(last modified 2025-10-24T15:57:51+00:00 )
Հոկտեմբեր 24, 2025 19:27 Asia/Tehran
  • Մհեր Գրիգորյանը ՄԱԿ հիմնադրման 80-ամյակի առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման ութսունամյակի միջոցառմանը։

Ելույթում փոխվարչապետը շեշտել է կազմակերպության առանցքային դերը խաղաղության, զարգացման, մարդու իրավունքների ամրապնդման հարցում։

Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ  է կատարել ՄԱԿ-ՀՀ արդյունավետ համագործակցությանը և Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի կարևորությանը։ 

«Տասնամյակներ առաջ անցնելով պատերազմի ու մարդկային ողբերգության արհավիրքի միջով՝ աշխարհը միավորվեց ամուր համոզմամբ, որ խաղաղությունը, համագործակցությունը, զարգացումը և մարդու իրավունքները պետք է դառնան մարդու համակեցության հիմնասյուները։ Այսպես ստեղծվեց Միավորված ազգերի կազմակերպությունը, որի գոյության 8 տասնամյակները նշանավորվել են միջազգային խաղաղության ապահովման, աղքատության վերացման, կանանց և խոցելի խմբերի առաջխաղացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման ոլորտներում բազմաթիվ հաջողություններով։  1992 թվականին ՄԱԿ-ին անդամակցելուց ի վեր՝ Հայաստանը մշտապես հանդես է եկել որպես պատասխանատու գործընկեր։   2026թ․ հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ նպաստելով միջազգային համագործակցությանը՝ կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի համաշխարհային մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու նպատակով։  Մենք բարձր ենք գնահատում ծրագրային համագործակցությունը ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի հետ, որը մեծ նպաստ է բերել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, մարդու իրավունքների ապահովմանը, Կայուն զարգացման նպատակների իրականացմանը, փախստականների ու այլ խոցելի խմբերի պաշտպանությանը»։