ՀՀ հյուրընկալ հողում զգում ենք մեր միասնականությունը. ՌԴ գլխավոր հյուպատոսը` Գյումրիում
https://parstoday.ir/hy/news/armenia-i238824-ՀՀ_հյուրընկալ_հողում_զգում_ենք_մեր_միասնականությունը._ՌԴ_գլխավոր_հյուպատոսը_Գյումրիում
Ռազմաբազայի շարահրապարակում ներդաշնակ շարվել էին «Մեծ ամրոց» միավորման հայրենիքի ներկա և ապագա պաշտպանների ստորաբաժանումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2025 14:32 Asia/Tehran
  • ՀՀ հյուրընկալ հողում զգում ենք մեր միասնականությունը. ՌԴ գլխավոր հյուպատոսը` Գյումրիում

Ռազմաբազայի շարահրապարակում ներդաշնակ շարվել էին «Մեծ ամրոց» միավորման հայրենիքի ներկա և ապագա պաշտպանների ստորաբաժանումները։

Ռուսական 102-րդ ռազմակայանի ավանդական պաշտպանիչ գույնի համազգեստներով մարտիկների կողքին ժամանակակից ավազագույն քողարկազգեստով ու կարմիր բերետներով՝ ինչպես իսկական էլիտար զորքում, ըստ հասակի շարվել էին «Պատանի բանակայինների» տղաներն ու աղջիկները։

Հրավիրվածների թվում էին Հայ-ռուսական զորքերի և ուժերի միացյալ խմբավորում նախկին և գործող հրամանատարները:

ՀՀ–ում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում հիշեցրեց, որ այս տոնը Ռուսաստանում համեմատաբար վերջերս է նշվում, սակայն հիմքում հեռավոր 17-րդ դարի իրադարձություններն են՝ եվրոպական զավթիչների դեմ պայքարի արդյունքում ռուսական հողերի միավորման դարաշրջանը: Արտաքին ոտնձգությունները բազմիցս կրկնվել են նաև հետագայում, բայց ամեն անգամ Ռուսաստանի ժողովուրդների միասնությունը, ինչպես, օրինակ, Խորհրդային Միության օրոք, թշնամիների համար դարձավ անհաղթահարելի խոչընդոտ: Ցավոք, ազատությունը պաշտպանվում էր հսկայական զոհերի գնով…

«Եվ լինենք անկեղծ՝ երբեք մեր արևմտյան հարևանները չեն դադարել երազել Ռուսաստանն իրենց ենթարկեցնելու մասին։ Նրանց պլանները թելադրված են աշխարհաքաղաքական պատճառներով։ Այդ ուժերի գլխավոր խնդիրն է թուլացնել մեր երկիրը և մեր դաշնակիցներին ու դրանից հետո թելադրել իրենց պայմանները», - ասաց Իգոր Տիտովը։

Դիվանագետի խոսքով` թշնամական ծրագրերը կարող են խաթարել ընդհանուր պատմություն ունեցող եղբայրական ժողովուրդների հետ Ռուսաստանի միասնությունը։ Նա հիշեցրեց վեճի բռնված որդիներին հոր կողմից հաշտեցնելու առակը՝ «առանձին-առանձին ձեզ կարելի է ընկճել, իսկ միասին՝ երբեք»։

«Հայաստանի հյուրընկալ հողում մենք զգում և ամրապնդում ենք մեր միասնականությունը», - եզրափակեց Իգոր Տիտովը:

Տոնի նախորդ օրը ռուս զինվորականները ռազմաբազայի տարածքում քաղաքի բնակիչների համար բաց դռների օր էին անցկացրել։