Տոկաևը ողջունել է Փաշինյանի ամերիկյան ծրագիրը. նոր աշխարհաքաղաքական խաղ Կովկասում
«Թասնիմ» լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված,որում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Աստանա կատարած այցին և վերլուծել է այդ այցի մասշտաբները։
Հոդվածում նշվում է. «Աստանա կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և համաձայնության եկել տնտեսական համագործակցության զարգացման և Ադրբեջանի տարածքով հացահատիկի տարանցման վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում Տոկաևը ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» անվամբ ծրագիրը և «Թրամփի ուղի» (TRIPP) նոր նախագիծը։ Այս միջանցքը, որը նպատակ ունի մեծացնել Հայաստանի արտահանման կարողությունները և հեշտացնել Ղազախստանի մուտքը արևմտյան շուկաներ, արտացոլում է Երևանի ջանքերը՝ անվտանգության և տնտեսական հարցերը արտատարածաշրջանային քաղաքականության հետ կապելու համար։
Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական հնարավորություններին անդրադառնալով՝ Տոկաևը ընդգծել է, որ Թրամփի ուղու նման տարանցիկ նախագծերը համահունչ են փոխադարձ շահերին և հայտնել է այս ուղուն Աստանայի մասնակցության մասին։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին ղազախական բեռներն իր տարածքով անցնելու թույլտվության տրամադրման հարցում համագործակցելու համար, ինչը վկայում է տարածաշրջանում պրագմատիկ համաձայնությունների ձևավորման մասին և նվազեցնում է Հայաստանի կախվածությունը ավանդական երթուղիներից, ինչպիսին է ռուսական Լարսը։
Այցի շրջանակներում երկու կողմերը համաձայնության են եկել Երևան-Աստանա ուղիղ չվերթները զարգացնելու և արհեստական բանականության ոլորտում ուսուցման և փորձի փոխանակման նպատակով «Տոմո Աստանա» տեխնոլոգիական կենտրոն գործարկելու համար: Հանրային դիվանագիտությանը և խորհրդանիշներին ուշադրություն դարձնելը, այդ թվում՝ Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացումը նույնպես վկայում են Երևանի ջանքերի մասին՝ Ղազախստանի հասարակական կարծիքի աջակցությունը ստանալու համար։
Այնուամենայնիվ, միջանցքի հարցում ամերիկյան անվանումն օգտագործելը և ենթակառուցվածքային նախագծերը Վաշինգտոնի քաղաքականության հետ կապելը կարող են ավելացնել տարածաշրջանի անվտանգության բարդությունները և մեծացնել Թեհրանի զգայունությունը արտատարածաշրջանային ուժերի միջամտության նկատմամբ: Միևնույն ժամանակ, այս շարժումը ցույց է տալիս, որ Հայաստանը փորձում է վերաիմաստավորել իր աշխարհաքաղաքական դիրքը տարածաշրջանային և արտատարածաշրջանային համագործակցության շրջանակներում, մինչդեռ Իրանը շեշտում է տարածաշրջանային խնդիրների լուծումը հարևան երկրների միջոցով: