Քի Վեսթի փաթեթ չկա ՀՀ կառավարության տիրապետության ներքո. վարչապետ
Հայաստանի Հանրապետության կառավարության տիրապետության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Քի Վեսթի փաթեթ չկա:
Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթերին:
«Ասում են՝ ինչու չեք հրապարակում Քի Վեսթի փաթեթը: Քի Վեսթի փաթեթ կառավարության տիրապետության ներքո չկա: Քի Վեսթի փաթեթի հենքն այն է, ինչը որ Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է «Հայկական ժամանակ» թերթին և հրապարակվել է»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց՝ բանակցային փաթեթի հրապարակումից հետո կարելի է ավարտված համարել բանակցային գործընթացի վերաբերյալ տարընթերցումները։
«30 և ավելի տարի իշխանություն են եղել, 100 անգամ ասել ենք՝ բա, որ շանսեր կային, բա ինչո՞ւ չէիք անում, այսինքն՝ եղե՞լ է հայամետ լուծման շանս, չեք արել, բա ինչի՞ եք մեզ դավաճան ասում, ուրեմն ձեզնից մեծ դավաճան չկա»,-ընդգծեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև 2019թ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկին:
«100 անգամ ասել եմ՝ ես երբեք ՀՀ նախագահ չեմ եղել, այդ փաստաթուղթը սկսվում է՝ «Մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս»:
Այդ 2019թ․ փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ՝ երբ վարչապետ եմ դարձել, խնդիր եմ դրել համանախագահների առաջ՝ ասել եմ՝ ո՞րն է մեկնարկային կետն այս պահի բանակցային գործընթացի, սեղմագիրը ո՞րն է նախորդող շրջանի բանակցային գործընթացի:
Համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր, հարցրել եմ՝ հիմա այս փաթեթներով կարո՞ղ է Ղարաբաղը չլինել Ադրբեջանի կազմում, հնչել է շատ հստակ պատասխան՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: