Սահմանադրական բարեփոխումների արդյունքում հիմնական ընտրության 2–րդ փուլ չի լինի. Գալյան
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ընտրություններում կայուն մեծամասնության հետ կապված որոշում է կայացրել։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից գտանք ճիշտ, որ հիմնական ընտրություններից հետո, եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն չի ձևավորում, կամ չի ձևավորվում կոալիցիա, ոչ թե գնանք 2–րդ փուլ, այլ լինեն նոր ընտրություններ։ Այսինքն՝ նոր ընտրություններով նոր հնարավորություն ստեղծենք քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ, որ համախմբվելու ավելի մեծ հնարավորություն լինի»,– ասաց նախարարը։
Գալյանի խոսքով՝ առաջին ընտրություններում առավելագույն քվեներ ստացած կուսակցությունները որևէ ազդեցություն կամ առավելություն չեն ունենա մյուս ուժերի նկատմամբ։