«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ Հայաստանի համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերահաստատել է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի կողմից կիրառվող «միջանցք» եզրույթն ընդունելի չէ հայկական կողմի համար։
Այս մասին Գրիգորյանը նշել է Դոհայում ընթացող ֆորումի շրջանակներում կայացած «Հայաստան–Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկման ընթացքում, որին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Վաշինգտոնի գագաթնաժողովում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարները ստորագրել են փաստաթուղթ, որում այդ ճանապարհը կոչվում է TRIP, մենք խոսում ենք այս եզրույթի մասին։ Եվ մենք վստահ ենք, որ TRIP-ը մեծ հնարավորություններ կբացի ոչ միայն տարածաշրջանի, այլև բիզնեսների ու երկրների համար, որոնք գտնվում են տարածաշրջանից դուրս»,- ասել է Գրիգորյանը։
Քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ կարևոր է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը տրանսպորտային հաղորդակցության և կապակցվածության վերաբերյալ՝ շեշտելով, որ այս կոնտեքստում Ադրբեջանում կիրառում են «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Շարունակելով միտքը՝ Հաջիևը շեշտել էր՝ Ադրբեջանում գիտեն, որ այս հարցում հայկական կողմն այլ մոտեցում ունի՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջև միակ խնդիրը կլինի տերմինոլոգիան։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է. «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։