Իրանում Հայաստանի դեսպանը զգալի առաջընթաց է նկատում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում
https://parstoday.ir/hy/news/daily_news-i240496-Իրանում_Հայաստանի_դեսպանը_զգալի_առաջընթաց_է_նկատում_Թուրքիայի_հետ_հարաբերությունների_կարգավորման_գործընթացում
Հայաստանը հետևողականորեն շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ նպատակ ունենալով հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը և բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։
(last modified 2025-12-17T11:21:44+00:00 )
Դեկտեմբեր 17, 2025 14:39 Asia/Tehran
  •  Իրանում Հայաստանի դեսպանը զգալի առաջընթաց է նկատում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում

Հայաստանը հետևողականորեն շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ նպատակ ունենալով հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը և բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։

Այս մասին ասել է ԻԻՀ-ում   ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը իրանական «Թասնիմ» լրատվամիջոցին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։

 «Վերջին շրջանում մենք իսկապես ականատես ենք եղել Հայաստան-Թուրքիա շփումների ակտիվացմանը։  Այդ շփումները տեղի են ունենում գրեթե բոլոր մակարդակներում՝ երկու երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և հատուկ ներկայացուցիչների, ինչպես նաև արտաքին քաղաքական ու ոլորտային համապատասխան գերատեսչությունների միջև։ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը կարգավորման գործընթացում՝ նպատակ ունենալով հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը և բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմանը»,-մատնանշել է դեսպանը։

 Հակոբյանը մանրամասնել է, որ ընթացիկ տարում Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է երկխոսության շրջանակում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրագործումը։

 «Այդ պայմանավորվածությունները ներառում են Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի գործարկումը, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթուղու և Հայաստան-Թուրքիա էլեկտրահաղորդման գծի վերականգնման ուղղությամբ աշխատանքների իրականացումը։ Տարածաշրջանային փոխկապվածության տեսակետից առանցքային նշանակություն ունի Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկումը։  «Թրամփի ուղի» նախագծի հետ միասին այն կձևավորի միասնական երկաթուղային ցանց՝ կապելով Հարավային Կովկասի երեք երկրներն ու հարևան տարածաշրջանները։  Կարող եմ նշել, որ օրեր առաջ երկու երկրների համապատասխան հաստատությունների ներկայացուցիչներն անցկացրել են այդ երկաթուղու վերականգնմանն ու շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը, ինչը վկայում է գործընթացի շարունակական և գործնական բնույթի մասին»,-ասել է դեսպան Հակոբյանը։ 

Նրա բնորոշմամբ՝ Հայաստանը լիահույս է, որ Վաշինգտոնում եռակողմ հռչակագրով ամրագրված ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքներն ու «Թրամփի ուղի» նախագծի շուտափույթ իրականացումը կստեղծեն այն բարենպաստ միջավայրը, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել կարևորագույն հաջորդ քայլին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու ենթակառուցվածքների լիարժեք բացմանը։

 «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատելի է զգալի առաջընթաց, և այդ դինամիկան պահպանելու պարագայում հնարավոր կլինի տարածաշրջանում ձևավորել նոր, առավել ինտեգրված ու կանխատեսելի միջավայր, որը բացառիկ կարևորություն կունենա ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար»,-եզրափակել է Իրանում ՀՀ դեսպանը։