Պատմությունը դարձել է աշխարհաքաղաքական թեժ վեճերի առարկա․ ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան
https://parstoday.ir/hy/news/armenia-i240776-Պատմությունը_դարձել_է_աշխարհաքաղաքական_թեժ_վեճերի_առարկա_ՀՀ_ում_Ռուսաստանի_դեսպան
Հատկապես նորագույն շրջանի պատմությունն այսօր դարձել է թեժ գաղափարական, քաղաքական և աշխարհաքաղաքական վեճերի առարկա։
(last modified 2025-12-24T13:00:51+00:00 )
Դեկտեմբեր 24, 2025 16:30 Asia/Tehran
  •  Պատմությունը դարձել է աշխարհաքաղաքական թեժ վեճերի առարկա․ ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան

Հատկապես նորագույն շրջանի պատմությունն այսօր դարձել է թեժ գաղափարական, քաղաքական և աշխարհաքաղաքական վեճերի առարկա։

Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ելույթ ունենալով Հայաստանի միջբուհական բանավիճային առաջնության մասնակիցների համար։

«Շատ են կեղծիքները, բացահայտ ստերը, հետպատերազմյան աշխարհի զարգացումը որոշած առանցքային իրադարձությունները խեղաթյուրելու փորձերը», - նշել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ աշխարհակարգի խորքային վերափոխումների պայմաններում օրինաչափ անհրաժեշտություն է առաջանում վերաիմաստավորել մի շարք պատմական իրադարձություններ՝ հաշվի առնելով նոր իրողությունները։  Կոպիրկինն ընդգծել է նման միջոցառումների և ինտելեկտուալ քննարկումների կարևորությունը, որոնք օգնում են երիտասարդներին ինքնուրույն աշխատել փաստերի հետ, ուսումնասիրել պատմական աղբյուրները և ձևավորել անցյալի սեփական ընկալումը այսօրվա տեսանկյունից:

Միաժամանակ, նրա խոսքով, այդքան էլ կարևոր չէ ունենալ միասնական կարծիք կամ ստանալ բոլոր հարցերի սպառիչ պատասխանները։   Գլխավորը ճշմարտությանը ձգտելն է և քարոզչական ու ֆեյք հարձակումների զոհ չդառնալու ցանկությունը։ Դեսպանը վստահություն է հայտնել, որ բանավեճին մասնակցելը նպաստում է երիտասարդների մտավոր և անձնական զարգացմանը, իսկ ստացած գիտելիքներն ու հմտությունները օգտակար կլինեն հետագա մասնագիտական և քաղաքացիական գործունեության համար: