Անկարան և Բաքուն Հայաստանում ներքին օրակարգ են թելադրում. քաղաքագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i240858-Անկարան_և_Բաքուն_Հայաստանում_ներքին_օրակարգ_են_թելադրում._քաղաքագետ
Թուրքիան և Ադրբեջանը թելադրում են Հայաստանի ներքին քաղաքական օրակարգը։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Արա Պողոսյանը։
(last modified 2025-12-26T14:14:08+00:00 )
Դեկտեմբեր 26, 2025 17:44 Asia/Tehran
  • Անկարան և Բաքուն Հայաստանում ներքին օրակարգ են թելադրում. քաղաքագետ

Թուրքիան և Ադրբեջանը թելադրում են Հայաստանի ներքին քաղաքական օրակարգը։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Արա Պողոսյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները ամեն քայլափոխի պնդում են, որ բարձրացնում են ինքնիշխանության մակարդակը, սակայն դեռ երբեք այդ ինքնիշխանությունը այսքան ոտնահարված չի եղել, որքան այսօր։

«Դրա վառ օրինակն է Ադրբեջանի պահանջով Հայաստանի Սահմանադրության փոփոխումը։ Հարևան երկիրը բացահայտորեն միջամտում է Հայաստանի ներքին գործերին, այդ թվում՝ հայտարարելով, որ հետաքրքրված է գործող իշխանության վերընտրմամբ», – ասաց փորձագետը։

Արտաքին կախվածության աճի պայմաններում ՀՀ իշխանությունները ավելի ու ավելի են ճնշում ներքաղաքական հակառակորդներին։ Փորձագետի կարծիքով՝ ղեկավարությունն իր արտաքին թուլությունը կոմպենսացնում է երկրի ներսում իրականացվող ճնշումներով։

Քաղաքագետի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով Հայաստանի գործող իշխանությունները ձեռք են տալիս գրեթե բոլոր արտաքին դերակատարներին, քանի որ, լայն իմաստով, արտաքին շահերի համատեքստում պաշտպանված չեն Հայաստանի էքզիստենցիալ ազգային շահերը. Հայաստանի կենսական շահերի հաշվին սպասարկվում են ինչ-որ մշուշոտ օրակարգեր։

Հիշեցնենք, որ վարչապետն ավելի վաղ բազմիցս ընդգծել էր, որ ՀՀ Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունները, որոնց մասին նա խոսում է 2020 թվականի փետրվարից, կապված չեն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ և պայմանավորված են բացառապես ներքին գործոններով։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են խաղաղության պայմանագիր ստորագրել այն ժամանակ, երբ ՀՀ Սահմանադրությունից կհեռացվի հղումն Անկախության հռչակագրին, որում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կետ կա։