ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել է թուրքական լրատվամիջոցի հրապարակումը ՀՀ նոր Սահմանադրության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i241300-ՀՀ_արդարադատության_նախարարությունը_հերքել_է_թուրքական_լրատվամիջոցի_հրապարակումը_ՀՀ_նոր_Սահմանադրության_վերաբերյալ
Հայաստանի արդարադատության նախարարությունը հերքել է ՀՀ Սահմանադրության նոր տեքստի վերաբերյալ թուրքական Oda TV-ի հրապարակումը։
(last modified 2026-01-07T13:08:00+00:00 )
Հունվար 07, 2026 16:38 Asia/Tehran
  • ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել է թուրքական լրատվամիջոցի հրապարակումը ՀՀ նոր Սահմանադրության վերաբերյալ

Հայաստանի արդարադատության նախարարությունը հերքել է ՀՀ Սահմանադրության նոր տեքստի վերաբերյալ թուրքական Oda TV-ի հրապարակումը։

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ թուրքական լրատվամիջոցի հրապարակումն ամբողջությամբ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը։

««OdaTV»-ի լրատվական կայքում հրապարակվել է հոդված, իբրև «պատմական որոշում» է կայացվելու և «հայ ժողովուրդ»-ը դուրս է գալիս Սահմանադրությունից:   Առանձին անդրադարձ չկատարելով հրապարակման յուրաքանչյուր կետին՝ հայտնում ենք, որ Նոր Սահմանադրության վերաբերյալ այդ հրապարակումն ամբողջությամբ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը:   Ներկայացվող տեղեկատվությունն ամբողջությամբ խեղաթյուրում է Նոր Սահմանադրության հնարավոր փոփոխությունները:  Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով, որ նոր Սահմանադրության մշակման գործընթացն իրականացվում է Արդարադատության նախարարության կողմից, պարզաբանում ենք գործընթացի բոլոր մանրամասները: Ներկայում գործում է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, որը բաղկացած է օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, արտախորհրդարանական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Խորհուրդը գլխավորում է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:   Խորհուրդն աշխատում է համակարգված և մանրակրկիտ՝ քննարկելով Սահմանադրության յուրաքանչյուր գլխում առաջարկվող փոփոխությունները:  Նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր առաջարկված փոփոխություն լինի հիմնավորված, հաշվի առնվեն մասնագիտական կարծիքները, ինչպես նաև հասարակական և քաղաքական շահերի լայն տեսանկյունը:  Տեղեկացնում ենք, որ Խորհրդի քննարկումները, առաջարկությունները և ընդունված որոշումները դեռևս չեն հանդիսանում նոր Սահմանադրության տեքստը:

 Ամեն ինչ կախված է ժողովրդի վերջնական որոշումից, որը տեղի կունենա հանրաքվեի միջոցով:   Սահմանադրության ցանկացած փոփոխություն կկատարվի միայն այն դեպքում, եթե հանրաքվեով կհաստատվի նոր Սահմանադրություն ընդունելու հարցը:  Այս գործընթացն արտացոլում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական սկզբունքների պահպանումը և ընդգծում է, որ վերջնական խոսքը պատկանում է միայն ժողովրդին: Արդարադատության նախարարությունը կոչ է անում լրատվամիջոցներին և հանրությանը հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա և զերծ մնալ անհիմն ենթադրություններից, քանի որ նոր Սահմանադրության բարեփոխումների գործընթացը բաց է և գտնվում է բոլորի տեսադաշտում:   Նշենք, որ նոր Սահմանադրության տեքստը հանրաքվեի կդրվի համապետական ընտրություններից հետո:  Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից կայացված նիստերի, քննարկվող թեմաների վերաբերյալ Արդարադատության նախարարությունն իրականացնում է իրազեկում: Եվս մեկ անգամ կոչ ենք անում հետևել միայն նախարարության կողմից հրապարակվող պաշտոնական հաղորդագրություններին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Oda TV-ն նախկինում ևս Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկություններ է տարածել, որոնք հերքվել են ՀՀ պատկան մարմինների կողմից։