Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի ամենամեծ գործարանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i241816-Հայաստանում_կառուցվում_է_տարածաշրջանում_շոկոլադի_ամենամեծ_գործարանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 20-ին այցելել է «Վելլար գրուպ» ընկերության նոր կառուցվող շոկոլադի և հրուշակեղենի գործարան։
(last modified 2026-01-21T14:29:04+00:00 )
Հունվար 21, 2026 17:50 Asia/Tehran
  • Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի ամենամեծ գործարանը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 20-ին այցելել է «Վելլար գրուպ» ընկերության նոր կառուցվող շոկոլադի և հրուշակեղենի գործարան։

Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 

Այցին մասնակցել է նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ 

Ընկերության ղեկավարության ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել ներդրված սարքավորումներին, արտադրական հզորություններին և տեխնոլոգիական հոսքագծերին։

Ներկայում ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է շուրջ 120 միլիոն եվրոյի ներդրում, առաջիկայում նախատեսվում է ներդնել ևս 25 միլիոն եվրո։

Գործարանի տարածքը կազմում է շուրջ 25 հա։   Այն հագեցած է հիմնականում գերմանական և դանիական առաջատար ընկերություններից ներմուծված ժամանակակից սարքավորումներով։

 Երեք տարվա ընթացքում նախատեսվում է գործարանի ամբողջական գործարկումը, որի արդյունքում արտադրական ծավալները կհասնեն օրական մինչև 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 2000-ի։

Նախատեսվում է արտադրել հրուշակեղենի լայն տեսականի՝ շոկոլադե և կարամելային կոնֆետներ, սպիտակուցային և մրգային բատոններ, շոկոլադապատ թխվածքաբլիթներ և վաֆլիներ, ինչպես նաև հայկական չրեր՝ պատված բարձրորակ շոկոլադով։

«Վելլար գրուպ»-ն օգտվել է պետական օժանդակության գործիքակազմից՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից և ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց ծրագրից։

«Վելլար գրուպ»-ը շվեդական ծագմամբ GNG միջազգային բիզնես խմբի ընկերություններից է։  ՀՀ էկոնոմիկայի նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ այն լինելու է տարածաշրջանում շոկոլադի ամենամեծ գործարանը։