Հայ գերիների վերադարձը նշանակալի ներդրում կլինի Ադրբեջանի հետ հաշտեցման գործում. Միրզոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i242112-Հայ_գերիների_վերադարձը_նշանակալի_ներդրում_կլինի_Ադրբեջանի_հետ_հաշտեցման_գործում._Միրզոյան
Հայ գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը նշանակալի ներդրում կլինեն Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման գործում։ Այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում:
(last modified 2026-01-28T14:29:26+00:00 )
Հունվար 28, 2026 17:59 Asia/Tehran
  • Հայ գերիների վերադարձը նշանակալի ներդրում կլինի Ադրբեջանի հետ հաշտեցման գործում. Միրզոյան

Հայ գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը նշանակալի ներդրում կլինեն Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման գործում։ Այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում:

«Վերջին 4 հայ գերիների արձակումը մեզ հույս է տալիս, որ հաջորդիվ մնացած 19 պահվող անձանց ազատ արձակումը, որոնք դեռ Ադրբեջանում են, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը, անկասկած, նշանակալի ներդրում կլինի հաշտեցման գործում»,– ասաց Միրզոյանը։

Նա նշեց` խաղաղությունը, ինչպես և ժողովրդավարությունը, չի կարող ընդունվել որպես հենց այնպես, ինքնըստինքյան տրված, այն պետք է անընդհատ սնուցել, պաշտպանել, նորոգել թե՛ արտաքին, թե՛ ներքին ճնշումների պայմաններում։

«Այս համատեքստում մենք խորապես գնահատում ենք ԵԽ հետևողական ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ»,– ընդգծեց նախարարը։

Նրա խոսքով` Հայաստանն ու Ադրբեջանը շրջում են տասնամյակների թշնամության էջը։

Միրզոյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը։

«Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակական առաջընթաց է։ Սահմանի լիակատար բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Գյումրի–Կարս երկաթուղու վերականգնումը կարևոր ներդրում կլինի տարածաշրջանային կայունացման և բարգավաճման ամրապնդման գործում»,– հայտարարեց նախարարը։

Միրզոյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ–ին Հայաստանի անդամակցության 25–րդ ամյակի առթիվ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին կհանձնեն Հայաստանի պաշտոնական նվերը` 12–րդ դարում ստեղծված առաջին հայկական իրավական օրենսգրքի «Դատաստանագրքի» ձեռագիր վերարտադրությունը։

«Այս գլուխգործոցը հիշեցնում է մեր ազգի` խոր արմատներ ունեցող նվիրվածությունն արդարադատությանը և իրավունքի գերակայությանը»,– եզրափակեց իր ելույթը նախարարը։

Հիշեցնենք` հունվարի 14–ին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Հայաստանն էլ Թուրքիայի միջոցով Սիրիային է փոխանցել 44-օրյա պատերազմին որպես վարձկան մասնակցած և ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված 2 անձանց։ Ըստ պաշտոնական տվյալների` այս պահին Ադրբեջանում 19 հայ գերի կա։