Արազի միջանցքն ընդդեմ «Թրամփի ուղու». փորձագետը` իրական ռիսկերի մասին
Մինչ ՀՀ–ում քննարկում են TRIPP–ի իրագործման ժամկետները, Իրանն ու Ադրբեջանն արագացված տեմպերով իրականացնում են Նախիջևանի հետ կապի այլընտրանքային երթուղին Սյունիքի մարզից ընդամենը 5 կմ հեռավորության վրա:
Թեհրանում հայտարարել են, որ Արազի միջանցքի առանցքային օղակի՝ Աղբանդ-Կալալա կամրջի շինարարությունը մոտենում է ավարտին: Իրանական երթուղին, ինչպես «Թրամփի ուղին», պետք է ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև։
Հունվարի վերջին Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեն հայտնեց, որ կամուրջը պատրաստ կլինի 2026 թվականի մարտին։ Միաժամանակ Երևանը մինչև հիմա չի պատրաստել անգամ TRIPP-ի տեխնիկատնտեսական հիմնավորումը։ 2025 թվականի դեկտեմբերին ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ «Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։
Արազի միջանցքն ընդդեմ «Թրամփի ուղու»
Այս ֆոնին TRIPP-ը դեռ գոյություն ունի միայն թղթի վրա:
TRIPP նախագիծը ենթադրում է 43 կմ երկարությամբ երկաթգծի կառուցում, որն առաջին փուլում պետք է կապի Ադրբեջանն ու Նախիջևանը, իսկ հեռանկարում՝ ինտեգրվի «Հյուսիս-հարավ» և «Արևելք-արևմուտք» միջանցքներին։
Չնայած միջանցքների ձևավորման տեմպերի տարբերությանը` TRIPP-ը, չնայած աշխարհաքաղաքական ռիսկերին, չի կորցնում իր արդիականությունը. իրանական երթուղին ենթադրում է ավտոմոբիլային ճանապարհ, իսկ հայկականը՝ երկաթուղային ճյուղ:
Բացի այդ, Սյունիքի` շուրջ 43 կմ երկարությամբ հատվածը բարդ լեռնային աշխատանքներ չի պահանջում. բավական է մաքրել, ամրացնել և շարել ռելսերը, իսկ Իրանի տարածքում նախևառաջ ավտոմոբիլային մայրուղի է կառուցվում:
Հայկական հատվածը հեռանկարում տեղավորվում է «Կարս-Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու» (ԿԳՆՄԲ) երկաթուղային միջանցքի ստեղծման տրամաբանության մեջ։ Երթուղին սկսվում է թուրքական Կարսից մինչև Դողուքափա, այնուհետև Հայաստանի տարածքով՝ Ախուրյանից Գյումրիով մինչև Երասխ, հետո՝ դեպի Նախիջևան՝ «Սադարակ-Նախիջևան-Ջուլֆա-Օրդուբադ» ուղղությամբ (մոտ 190 կմ), կրկին մտնում է Հայաստան Կարճևան-Նռնաձոր (Մեղրիի հատված) հատվածում, այնուհետև Հորադիզով և Ալյաթով հասնում է Բաքու:
Սակայն այս ամենը` տեսականորեն: Գործնականում TRIPP-ի իրագործումը կապված է մի շարք աշխարհաքաղաքական ռիսկերի հետ։
Չինաստանն ու Իրանը մտահոգվա՞ծ են
Դավթյանի խոսքով՝ չնայած տնտեսական ներուժին, TRIPP-ը տագնապ է առաջացնում Իրանում և Չինաստանում, առաջին հերթին՝ ամերիկյան գործոնի պատճառով։ Թեհրանում մտավախություն ունեն, որ Սյունիքի երթուղին կարող է դառնալ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Չինաստանի վրա ճնշում գործադրելու քաղաքական լծակ։
Հետևաբար այս համատեքստում, փորձագետի խոսքով, անհրաժեշտ է հաշվի առնել նաև չինական գործոնը, ոչ թե միայն անվտանգության հարցերը, որոնք կապված են Իրանի կամ Հայաստանի սահմանի պահպանման հետ։
Իրավական տեսանկյունից TRIPP-ը պետք է իրագործվի Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում՝ հայ սահմանապահների և մաքսային հսկողության միջոցով։ Սակայն փորձագետները կարճաժամկետ հեռանկարում ռիսկեր են տեսնում Ռուսաստանի և Իրանի, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ Չինաստանի համար (ի վնաս նրա տարանցիկ շահերի)։
Գաղտնիք չէ, որ Վաշինգտոնի ռազմավարական նպատակներից մեկը Եվրոպա առաքվող չինական բեռների երթուղիների վերահսկումն է, և խոսքը ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Կենտրոնական Ասիայի մասին է:
Այս առումով Չինաստանն ակտիվ զարգացնում է ԵՄ-ի հետ կապի այլընտրանքային ուղիները։ Դրանց թվում Դավթյանը նշում է Սերախս–Չեշմե Սորայա մեգանախագիծը՝ Թուրքմենստանի սահմանից, ամբողջ Իրանով, մինչև Թուրքիա երկաթուղային միջանցքը։ Դրա վերջնակետը Եվրոպայի երկրներն են։
Պարսից ծոցում ռազմական ճգնաժամի դեպքում այս երթուղին ռազմավարական նշանակություն է ստանում՝ վերածվելով դեպի ԵՄ առանցքային ցամաքային ճանապարհի:
Այս առումով Իրանը լոգիստիկայի տեսանկյունից Չինաստանի համար ավելի հուսալի գործընկեր է թվում, քան Հայաստանը։
Ի՞նչ պետք է անի Երևանը
Դավթյանի խոսքով` Երևանի ռազմավարական շահն այն է, որ իր աշխարհագրական և քաղաքական առավելություններն օգտագործի Հայաստանը հուսալի տարածաշրջանային տրանսպորտային հանգույց դարձնելու համար՝ միաժամանակ ապահովելով հավասարակշռություն և հաշվի առնելով հարևան երկրների շահերը։
Ըստ փորձագետի`այս առումով Երևանը պետք է զգույշ լինի այնպիսի նախագծերում, որոնք կարող են հակասել հարևան երկրների շահերին կամ լարվածություն ստեղծել: Նման մոտեցումը թույլ կտա ընկալել «Հյուսիս-հարավ» և «Արևելք–արևմուտք» երկու մեգանախագծերը որպես փոխլրացնող, այլ ոչ թե մրցակցող։