Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել
https://parstoday.ir/hy/news/armenia-i242936-Բաքվի_դատարանը_Ռուբեն_Վարդանյանին_20_տարվա_ազատազրկման_է_դատապարտել
Բաքվի դատարանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործով դատավճիռը։  
(last modified 2026-02-17T09:03:53+00:00 )
Փետրվար 17, 2026 12:33 Asia/Tehran
  • Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել

Բաքվի դատարանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործով դատավճիռը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ 

Նշվում է, որ մեղադրող դատախազը Ռուբեն Վարդանյանի համար պահանջել էր ցմահ ազատազրկում։

Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իրավապահների կողմից ապօրինի ձերբակալվել և Բաքու էր տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։ Ադրբեջանում նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել մի քանի հոդվածներով։

Ավելի վաղ դատարանը հրապարակել էր ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ կեղծ դատավճիռները։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը՝ 20 տարվա ազատազրկման, քանի որ վճռի հրապարակման պահին նրանց 65 տարին լրացած է եղել, իսկ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց նկատմամբ ցմահ ազատազրկում կիրառել։

Բաքվի դատարանը կեղծ դատավարության արդյունքներով նաև 19 տարվա ազատազրկման է դատապարտել Մադաթ Բաբայանին և Մելիքսեթ Փաշայանին, Դավիթ Ալլահվերդյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։  Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլի Բեգլարյանը դատապարտվել են 15, իսկ Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա ազատազրկման։