Ռուսաստանը բացառում է Հայաստանի ոչ թե տնտեսական, այլ՝ անվտանգային այլընտրանքը
Քաջարանի պղնձա-մոլիբդենային հանքավայրը, որ մոլիբդենի համաշխարհային պաշարների յոթ տոկոսն ունի, ներկայումս շահագործվում է ռուսաստանյան «ԳեոՊրոմայնինգ» ընկերության կողմից, ռուսաստանցիներին դուրս մղել դժվար կլինի, իսկ ամերիկացիների համար ավելի հետաքրքիր է Թեղուտի հանքավայրը։
Այս կարծիքն է հայտնել «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբան Սերգեյ Ստանկևիչը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի Երևան «նախապես չծրագրված այցի» ընթացքում հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ նրա ստորագրած փաստաթղթի կարևորությանը։
Ըստ հեղինակի, Թեղուտում պղնձից և մոլիբդենից բացի հետախուզվել են նաև հազվագյուտ մետաղների պաշարներ, բայց հանքավայրի շահագործումը կապված է խնդիրների հետ՝ «չկան ավտոճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր, պոչամբար և անհրաժեշտ այլ օբյեկտներ, և Երևանը մտադիր է ամերիկացիների օգնությամբ․․․ ստեղծել լեռնամետալուրգիական այլընտրանքային բազա»։
Ռուսաստանցի մեկնաբանի համար «հանելուկ» է մնում ԱՄՆ-Հայաստան ռազմավարական համապարփակ համագործակցության մասին հուշագիրը, բայց նա ենթադրել է, որ «վատթարագույնը, որ կարող է Փաշինյանը թույլ տալ, կարող է լինել Հայաստանի տարածքում ինչ-որ ռազմատեխնիկական կարևոր օբյեկտի տեղակայումը» և իր վարկածը առաջադրել․ «Օրինակ, ռադիոէլեկտրոնային հետախուզության կետ, այդ քայլը կհանգեցներ Ռուսաստանի և Իրանի հետ հակամարտության, բայց նման արկածախնդրությունը քիչ հավանական» է։
Ամփոփելով դիտարկումները, Ստանկևիչը համարել է, որ «Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կապահովի իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը և կրկին կգլխավորի կառավարությունը, բայց նրան, այնուամենայնիվ, հարկ կլինի հիմնավորապես բացատրվել Մոսկվայի հետ իր աշխարհաքաղաքական մանևրների և տնտեսական ծրագրերի առումով», քանի որ «այսօրվա այցելուները շուտով իրենց ծրագրերի հետ կչքանան, իսկ Ռուսաստանը կմնա այնտեղ, որտեղ եղել է դարերով՝ իր հավերժական շահերով և մանևրայով»։
Ռուսաստանը, ինչպես պարզ ասված է, ոչ հայ ժողովրդի ինքնության, ոչ Հայ առաքելական եկեղեցու, ոչ մեր ազգային ինքնության ոչ մի մտահոգություն չունի։ Խնդիրը մեկն է՝ թույլ չտալ, որպեսզի Հայաստանում ձևավորվի «այլընտրանքային լեռնամետալուրգիական բազա», եթե Սյունիքի ընդերքը շահագործում է ռուսաստանյան ընկերություն, ապա նույնը պիտի լինի Թեղուտում, Ամուլսարում։ Հայ ժողովրդի պատմությունը, հավատը և դավանանքը, իհարկե, չեն հուզում նաև ամերիկացիներին և եվրոպացիներին։ Խնդիրը, ինչպես «Նեզավիսիմայա գազետա»-ի հեղինակն է ձևակերպել՝ «այլընտրանքն», ավելի ճիշտ՝ այլընտրանքի բացառումը։ Իսկ դա արդեն նույնիսկ տնտեսական հեռանկարի հարց չէ, այլ՝ անվտանգային։