Լավրովը հայտնել է, թե ինչ են պայմանավորվել ՀԱՊԿ երկրները Հայաստանի հարցով
ՀԱՊԿ կդիտարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որը կարգավորում է գործողությունները իրենց պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ, քանի որ Հայաստանը անդամավճարները չի մուծել։
Այս մասին Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանելիս հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի ներկայացուցիչները շուրջ երկու տարի է՝ չեն մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին։
«Հունիսի 7-ին՝ հենց Հայաստանում ընտրությունների օրը, իմ գործընկեր Արարատ Միրզոյանը, պատասխանելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին, հայտարարեց. «Մենք անդամավճարները չենք վճարում, որովհետև պարզապես չենք մասնակցում»:
ՀԱՊԿ բյուջեի նկատմամբ Հայաստանի պարտքը կուտակվում է արդեն ավելի քան երկու տարի։ Իրավիճակ, որը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ։ Եվ մենք այսօր պայմանավորվեցինք դիտարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի գործարկումը»,-նշել է Լավրովը։
«Հայաստանը չմասնակցելով ՀԱՊԿ-ին և ձևականորեն մնալով անդամ..., միևնույն ժամանակ ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Ընթանում են զորավարժություններ, գնվում է ռազմական նշանակության արտադրանք, ռազմական գծով պատվիրակությունների փոխանակում է իրականացվում թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ Եվրամիության հետ, որը նույնպես ներկայումս վերածվում է ռազմականացված կառույցի»,-ասել է Լավրովը ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների կողմից կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքերը երկու տարվա ընթացքում չմարելու դեպքում Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացնում տվյալ պետության քաղաքացիներին կազմակերպության շրջանակներում քվոտավորված պաշտոններում առաջադրելու իրավունքը կասեցնելու, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։
Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ անդամ պետության կողմից կանոնադրության դրույթները, Խորհրդի որոշումները և կազմակերպության այլ մարմինների որոշումները չկատարելու դեպքում Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել նրա մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ հեռացնել։ Տվյալ անդամ պետության վերաբերյալ այս հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։
2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին: