Մեդվեդևը Հայաստանին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ին և ընդհանուր առմամբ Արևմուտքին աջակցելու մեջ։
Նա այդ մասին հայտարարել է` ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում։
Մեդվեդևի խոսքով՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն հետխորհրդային երկրներին որպես «պարսպակործան գործիք» է օգտագործել Ռուսաստանի դեմ:
«Ռուսաստանը սեփական փորձով է դա յուրացրել ԽՍՀՄ–ի փլուզումից, դե նաև Արևմուտքի հետ հարաբերություններում այն ժամանակվա, ինչպես պարզվեց, ժամանակավոր ջերմացումից հետո: Այդ ժամանակահատվածում մեր երկրի հետ գործընկերության ձգտելու մասին գեղեցիկ խոսքերի քողի տակ ՆԱՏՕ-ն գործնականում անմիջականորեն մոտեցավ մեր սահմաններին: Որպես խոյահարիչ դաշինքն օգտագործեց խամաճիկային ռեժիմները: Այդպես եղավ Վրաստանի հետ, այդպես եղավ Ուկրաինայի հետ, որը 14 թվականին վերածվեց ռուսատյացության բնի: Ցավոք, հիմա այդպես է տեղի ունենում Մոլդովայի և նույնիսկ, ավաղ, Հայաստանի հետ»,-հայտարարել է նա:
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար: