ՀՀ սահմանային անցակետերում բեռնատար տրանսպորտի երթևեկության նոր կանոններ են սահմանվել
Հայաստանի սահմանային անցակետերում բեռնատարների երթևեկության նոր կանոններ են սահմանվել։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 23-ի նիստում։
Որոշմամբ սահմանվել են ավտոկայանատեղիներ կազմակերպողներին ներկայացվող պահանջները, հերթագրման ծառայության առավելագույն վճարը (ոչ ավելի, քան 5000 դրամ), ինչպես նաև կայանատեղիները հերթերի կառավարման համակարգին միացնելու կարգը։
Որոշ բեռնատարներ կայանատեղիից դուրս կգան առաջնահերթ կարգով։ Սա վերաբերում է լիազորված տնտեսական օպերատորներին, օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցողներին և շուտ փչացող ապրանքներ փոխադրող մեքենաներին։ Իսկ բնական կամ տեխնածին աղետների հետևանքների վերացման համար բեռներ տեղափոխող տրանսպորտը կարող է հատել սահմանը՝ առանց կայանատեղի մտնելու։
Բացի այդ, սահմանվել են անցակետեր, որոնցով բեռնատարների ելքը Հայաստանից հնարավոր կլինի միայն ավտոկայանատեղի մտնելուց և այնտեղից դուրս գալուց հետո։ Խոսքը դեռևս «Բագրատաշեն» և «Ագարակ» անցակետերի մասին է։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը պարզաբանել է, որ ավտոկայանատեղին պետք է գտնվի անցակետից ոչ ավելի, քան 20 կմ հեռավորության վրա, ունենա առնվազն 3000 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատ տարածք, ինչպես նաև հագեցած լինի էլեկտրոնային համակարգերով ու տեսախցիկներով, որոնք կապված կլինեն ՊԵԿ թվային համակարգերին։
Նա հավելել է, որ հերթերի կառավարման համակարգը գտնվելու է ՊԵԿ-ի ենթակայության տակ։