Մաքսիմ Ռեշետնիկով. Հայաստանից մատակարարումների փոխարինումը Ռուսաստանի համար դժվարություններ չի ստեղծի
https://parstoday.ir/hy/news/armenia-i248382-Մաքսիմ_Ռեշետնիկով._Հայաստանից_մատակարարումների_փոխարինումը_Ռուսաստանի_համար_դժվարություններ_չի_ստեղծի
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից մատակարարումների փոխարինումը Ռուսաստանի համար դժվարություններ չի ստեղծի։
(last modified 2026-08-01T10:33:58+00:00 )
Օգոստոս 01, 2026 12:48 Asia/Tehran
  •   Մաքսիմ Ռեշետնիկով. Հայաստանից մատակարարումների փոխարինումը Ռուսաստանի համար դժվարություններ չի ստեղծի

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից մատակարարումների փոխարինումը Ռուսաստանի համար դժվարություններ չի ստեղծի։

«Սակայն եթե գնահատենք այդ մատակարարումները Միության մյուս երկրների շուկաների վրա տնտեսական ազդեցության տեսանկյունից, ապա դրանց նշանակությունը չի կարելի էական համարել։ Ռուսաստանի՝ աշխարհի հետ համախառն ապրանքաշրջանառության մեջ Հայաստանի մասնաբաժինը չի գերազանցում 0,9%-ը։ ԵԱՏՄ այլ երկրների համար այս ցուցանիշն էլ ավելի ցածր է (Բելառուսի համար՝ 0,3%, Ղազախստանի՝ 0,05%, Ղրղզստանի՝ 0,02%)։

Մեզ համար դժվար չի լինի փոխարինել հայկական մատակարարումները»,- հայտարարել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանն այլընտրանք է փնտրում Ռուսաստանի հետ հարաբերություններին ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական առումով։

Նա, միաժամանակ նշել է, թե Հայաստանը չի կարող ԵԱՏՄ-ից դուրս գազի համադրելի գներ ակնկալել։ «ԵԱՏՄ-ն ոչ միայն իրացման առանցքային շուկա է, այլև ռեսուրսների հիմնական տեսակների գլխավոր մատակարարը հայկական տնտեսության համար։ Միության Գազի ընդհանուր շուկայի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլար գնով։ Իսկ եթե գինը համեմատենք գազի ներկայիս «եվրոպական» գների հետ, որոնք այսօր գերազանցում են 600 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց, դա այլ կերպ, քան սուբսիդավորում անվանել, անհնար է։ Այդ գումարը կազմում է տարեկան մոտ 1 միլիարդ դոլար։ Դժվար թե Միությունից դուրս որևէ մեկը կարողանա Հայաստանին նման պայմաններ առաջարկել»,- նշել է ռուսաստանցի նախարարը։ 

Երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներկրման սահմանափակումներին, պնդել, թե ԵԱՏՄ-ի և ռուսական շուկայի հետ կապված վիճակը շատերը ճգնաժամ են համարում, ինքը համարում է հնարավորություն: «Սա ճգնաժամ չի, սա հնարավորություն է, պատուհան է, որը ինքներս ենք բացել մեր առաջ: Բռնակները յուղել ենք և հանգիստ բացել ենք դուռը, պատուհանը և օդափոխությունը պետք է հանգիստ կազմակերպենք նորմալ», – ասել է վարչապետը:

«Ավարտվել է այն դարաշրջանը, երբ որ մենք չունենք այլընտրանք: Մենք ամեն տեղ և անընդհատ պետք է ունենանք այլընտրանք: Եվ ինչքան շատ, էնքան լավ: Եվ մեր ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը հնարավորություն ունի որոշում կայացնելու», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: