Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին. Արա Զոհրաբյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i248590-Կաթողիկոսը_և_եպիսկոպոսները_մասնակցելու_են_դատական_առաջին_նիստին._Արա_Զոհրաբյան
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին։ Տեղեկությունը սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
(last modified 2026-08-06T08:11:31+00:00 )
Օգոստոս 06, 2026 11:28 Asia/Tehran
  • Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին. Արա Զոհրաբյան

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին։ Տեղեկությունը սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան։

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։  Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը:

«Թեմակալ առաջնորդի պաշտոնից ետ կանչելու և եպիսկոպոսի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշումներին պետության միջամտությունը Եկեղեցու ինքնավարության, պետություն–Եկեղեցի սահմանադրական հարաբերությունների և կրոնական ազատության հիմնարար սկզբունքի խախտում է և պատմական ամոթալի իրադարձություն»,–գրել է Զոհրաբյանը։

Հայոց հայրապետը ենթարկվում է քրեական հետապնդման՝ իր եկեղեցական և կանոնական պարտականությունը կատարելու համար։

«Այս քրեական գործով դատարանը քննելու է ոչ միայն առանձին անձանց ներկայացված մեղադրանքները, այլ կարևոր մեկ այլ հարց՝ կարո՞ղ է արդյոք աշխարհիկ իշխանությունը ներխուժել եկեղեցու ներքին կյանք և քրեականացնել Ամենայն Հայոց կաթողիկոսի կանոնական իշխանության իրացումը»,–տեղեկացրել է պաշտպանը։

 Նշենք, որ  2026թ․ փետրվարի 14-ին  Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, արգելվել է նրա ելքը ՀՀ–ից։