Հայաստանի ու Հնդկաստանի զինված ուժերն այսուհետ կհամագործակցեն նոր ձևաչափով
Հայաստանի ու Հնդկաստանի զինված ուժերն այսուհետ կհամագործակցեն նոր ձևաչափով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։
Հաղորդագրության համաձայն` Հայաստանի և Հնդկաստանի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում կողմերը փոխանակվել են երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների միջև նոր համագործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցեր։
Նշենք, որ Ռաջեշ Կումար Սինգհին ավելի վաղ ընդոււնել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին կնքել են ռազմատեխնիկական համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը, ըստ որոշ տվյալների, կազմում է 1,5 մլրդ դոլար: Նյու Դելին այդ գործարքների շրջանակում Հայաստանին մատակարարում է հրետանային համալիրներ, ՀՕՊ համակարգեր, զինամթերք և ռազմական նշանակության այլ արտադրանք։