Հայաստանը և Հնդկաստանը խորացնում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործակցությունը
Կողմերը պայմանավորվել են հետագա քայլերի շուրջ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործումն ապահովելու նպատակով։
Հայաստանն ու Հնդկաստանը խորացնում են համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Ինչպես հայտնում է ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը, այսօր նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև «Պաշտպանական արդյունաբերության ոլորտում հետազոտության, զարգացման, նորարարության և համատեղ արտադրության համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։
«Փաստաթղթով կողմերն ամրագրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացման ուղղությունները՝ ներառյալ համատեղ գիտահետազոտական, նախագծային և նորարարական ծրագրերի իրականացումը, պաշտպանական տեխնոլոգիաների ստարտափների և ինկուբատորների զարգացումը, ինչպես նաև ոլորտի մասնագետների կարողությունների և փորձի փոխանակման ծրագրերը»,- հայտնում են գերատեսչությունից։
Կողմերը պայմանավորվել են հետագա քայլերի շուրջ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործումն ապահովելու նպատակով։