Հայաստանում առանց սահմանապահի միջամտության անձնագրի սքանավորմամբ արագ կհատեն սահմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i249120-Հայաստանում_առանց_սահմանապահի_միջամտության_անձնագրի_սքանավորմամբ_արագ_կհատեն_սահմանը
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Դավիթ Սանամյանի հետ այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ ծանոթանալու e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներին։
(last modified 2026-08-18T12:10:39+00:00 )
Օգոստոս 18, 2026 15:34 Asia/Tehran
  • Հայաստանում առանց սահմանապահի միջամտության անձնագրի սքանավորմամբ արագ կհատեն սահմանը

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Դավիթ Սանամյանի հետ այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ ծանոթանալու e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներին։

Նախարարին են ներկայացվել e-gate համակարգերի տեղակայման, գործարկման և սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքային լուծումները։

Կենսաչափական անձնագրերի կիրառմանը զուգահեռ Հայաստանի սահմանային անցակետերում նախատեսվում է ներդնել e-gate (էլեկտրոնային անցակետ) ավտոմատացված համակարգեր:

e-gate-ն ինքնաշխատ և անկոնտակտ սահմանային անցման համակարգ է, որը հնարավորություն կտա առանց սահմանապահի միջամտության անձնագրի սքանավորմամբ արագ հատել սահմանը, ավտոմատ իրականացնել անձի նույնականացում, արագացնել սահմանային հսկողությունը և կրճատել սպասման ժամանակը:

Քննարկվել են նաև համակարգերի ներդրման փուլերի, աշխատանքների կազմակերպման, e-gate համակարգերի արդյունավետ և անխափան գործարկման համար անհրաժեշտ պայմանների ապահովման վերաբերյալ հարցեր։

ՆԳ նախարարը նույն օրը Երևանի մոլերից մեկում ծանոթացել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ ավարտական փուլում գտնվող գրասենյակի շինարարական աշխատանքների ու տեխնիկական վերազինման գործընթացին։

Ընդգծվել է շինաշխատանքների որակական ստանդարտների պահպանումն ու սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։

Հետագա արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ նախարարը լրացուցիչ հանձնարարականներ է տվել։

«ՀայՓաս» ընկերության կողմից կառուցվող գրասենյակների նախագծային և լոգիստիկ լուծումները հիմնված են «մեկ պատուհանի» սկզբունքի վրա, ինչը թույլ կտա նվազեցնել հերթերն ու կուտակումները, վարչարարական բարդությունները և զգալիորեն խնայել քաղաքացիների ժամանակը։