Հայաստանի գյուղատնտեսությունը կանգնած է հսկայական կորուստների առաջ. տնտեսագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i249148-Հայաստանի_գյուղատնտեսությունը_կանգնած_է_հսկայական_կորուստների_առաջ._տնտեսագետ
Աղասի Թավադյանի խոսքով` ԵԱՏՄ շուկայից հրաժարվելն այժմ անհամեմատ ավելի ցավոտ կլինի։
(last modified 2026-08-18T16:21:46+00:00 )
Օգոստոս 18, 2026 18:39 Asia/Tehran
  •  Հայաստանի գյուղատնտեսությունը կանգնած է հսկայական կորուստների առաջ. տնտեսագետ

Աղասի Թավադյանի խոսքով` ԵԱՏՄ շուկայից հրաժարվելն այժմ անհամեմատ ավելի ցավոտ կլինի։

Հայաստանի գյուղատնտեսությունը կանգնած է հսկայական կորուստների առաջ՝ պայմանավորված արտահանման խնդիրներով և Ռուսաստանի սահմանած արգելքներով։

Այս մասին ասաց տնտեսագետ Աղասի Թավադյանը։

Նրա խոսքով` ստեղծված իրավիճակը լրջորեն կանդրադառնա ոչ միայն գյուղոլորտի, այլև ընդհանուր տնտեսական ցուցանիշների վրա։

«Այս պահին կորուստները շատ-շատ մեծ են հատկապես գյուղատնտեսության մեջ: Ձկնաբույծները, կտրված ծաղիկների բիզնեսով զբաղվողները, կորիզավոր պտուղներ արտադրողները, այլ բանջարեղեն արտադրողները մեծ կորուստներ են կրում: Այս խնդիրը պիտի լուծվի։ 2025 թվականին կորիզավորների 90%-ը, կտրված ծաղիկների 90%-ը, պոմիդորի 100%-ն է գնացել Ռուսաստանի Դաշնություն: Այսինքն՝ այս պահին այլընտրանքային շուկա չկա, այդ ապրանքը նախատեսված է եղել վերջնական հասցեագրվել Ռուսաստանին»,– ասաց Թավադյանը։

Այս պահին այն, ինչ կատարվում է, ըստ տնտեսագետի, հանկարծակի է, քանի որ ՀՀ կառավարությունը հաշվի չի առել, որ այս սահմանափակումները ընտրություններից հետո շարունակվելու են:

«Հաշվարկն ու զգացողությունն այն է եղել, որ ընտրություններին խաղադրույքները բարձր են, և որոշակի ճնշումներ կան ընտրություններից հետո ամեն ինչը բարելավելու համար, բայց իրականությունն այն է, որ դրանք շարունակվում են ու մեծ բացասական էֆեկտ են տալիս հատկապես մեր գյուղատնտեսությանը։ Մենք տեսնելու ենք, որ ընդհանուր տնտեսական աճի դանդաղման հետ գյուղատնտեսությունը շատ մեծ կորուստներ է կրելու մինչև տարվա վերջ»,– նշեց տնտեսագետը։

Անդրադառնալով կառավարության վարած քաղաքականությանը և արտահանման ուղղություններին՝ Թավադյանն ընդգծեց, որ վերջին տարիներին Ռուսաստանի ուղղությամբ արտահանման ծավալների կտրուկ աճը հաշվի առնելով` ԵԱՏՄ շուկայից հրաժարվելն այս փուլում Հայաստանի համար շատ ավելի ցավոտ ու դժվարին հետևանքներ կունենա, քան կլիներ տարիներ առաջ։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։

Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։