Գազայի հատվածից երեխաներ կտեղափոխվեն Հայաստան՝ բուժում ստանալու
ՀՀ կառավարությունը Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների կտեղափոխի Հայաստան՝ նրանց բուժումը ՀՀ բուժհաստատություններում կազմակերպելու համար։ Կառավարությունն այսօր հաստատեց նախագիծը:
Երեխաների բուժման համար, ըստ նախագծի, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանը կհատկացվի 16,7 մլն դրամ։
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը գործընթացն իրականացնում է արտաքին գործերի նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ։ Նախատեսվում էր Հայաստան տեղափոխել մինչև 10 երեխայի՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
Նախագծում նշված է, որ երեխաների առողջական վիճակի նախնական գնահատման շրջանակում դիտարկվել է 11 պացիենտ, որոնցից 7-ի դեպքում արձանագրվել է, որ անհրաժեշտ բուժումը հնարավոր է իրականացնել Հայաստանում։ Սակայն ծրագրին մասնակցելու հարցում համաձայնություն է տվել այդ 7 երեխաների ընտանիքներից միայն 3-ը։
Պատճառը ծրագրով նախատեսված պայմանն է, ըստ որի՝ յուրաքանչյուր երեխայի հետ Հայաստան կարող է ժամանել առավելագույնը մեկ ուղեկցող անձ։