Լավրովը զարմացած է Հայաստանին երկաթուղու կոնցեսիան վաճառելու Փաշինյանի առաջարկից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Հայաստանին երկաթուղիների կոնցեսիան վաճառելու խնդրանքը զարմանք և «էմոցիաներ է առաջացնում»,-ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է, որ կանոնավոր շփումներ են անցկացվում Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետերի միջև, և կարելի է քննարկել ցանկացած հարց, որը հետաքրքրում է հայկական կողմին, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարման տակ գտնվող Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը։
«Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը... Եթե դրանք առաջացել են, պատմեք ձեր գործընկերոջը, թե ինչ եք մտածում այդ կապակցությամբ: Իսկ դրա փոխարեն հրապարակային հայտարարություն է արվում այն մասին, որ դրանք ընդհանրապես «իրենց» են, և ընդհանրապես մենք նրանց 2 մլրդ պարտք ենք։ Հասկանում եմ, որ սա, բացի տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից, մեր քաղաքացիների մոտ էմոցիաներ է առաջացնում։ Ես բացառություն չեմ», - ասել Է Լավրովը։
Նշենք, որ հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի հարցը Փաշինյանն առաջին անգամ բարձրացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հատվածների վերանորոգման համատեքստում։ Մայիսին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն իր միջոցներով կվերակառուցի այդ հատվածները։
Ավելի ուշ նա ՌԴ-ին առաջարկեց վերանայել հայկական երկաթուղու կառավարումը՝ հայտարարելով բարեկամ որևէ երկրի՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին կոնցեսիայի հնարավոր վաճառքի մասին։ Երևանը հայտարարեց, որ չի առարկում երկաթուղիների կառավարումը ղազախստանյան ընկերությանը փոխանցելուն՝ ռուսական կողմի համաձայնության դեպքում: Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը նշեց, որ Ռուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիայի փոխանցման շուրջ: Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին Փաշինյանը ՌԴ գործընկերներին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։