Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը հանձնել է իր էկզեկվատուրան
Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յաիջին սույն թվականի հոկտեմբերի 15-ին այցելել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն և իր էկզեկվատուրան հանձնել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանին
Էկզեկվատուրան հանձնելուց հետո Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յաիջին հանդիպել և զրուցել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղարի հետ։
Հանդիպման ընթացքում Յաիջին ընդգծել է Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը Իրանի Իսլամական Հանրապետության համար, ինչպես նաև սահմանային երթևեկության գործընթացը դյուրացնելու և արագացնելու նպատակով համատեղ ջանքեր գործադրելու կարևորությունը։
Դավիթ Կարապետյանն իր հերթին, անդրադառնալով տնտեսական համագործակցության առաջնահերթությանը և այդ գործընթացը զարգացնելու ուղղությամբ երկու երկրների համատեղ ջանքերի անհրաժեշտությանը, հաջողություն է մաղթել Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոսին։