Հայաստանն առաջին անգամ մասնակցել է թրաֆիքինգի հարցով ՄԱԿ-ի փորձագիտական խմբի քննարկմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i42229-Հայաստանն_առաջին_անգամ_մասնակցել_է_թրաֆիքինգի_հարցով_ՄԱԿ_ի_փորձագիտական_խմբի_քննարկմանը
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ Դավիթ Թումասյանը մասնակցել է Վիեննայում 2016թ. նոյեմբերի 10-11-ին տեղի ունեցած «Մարդկանց թրաֆիքինգի միջազգային իրավական սահմանումը՝ կատարված հետազոտությունների և բարձրացված հարցերի վերլուծության ամփոփում» խորագրով քննարկմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2016 16:18 Asia/Tehran
  • Հայաստանն առաջին անգամ մասնակցել է թրաֆիքինգի հարցով ՄԱԿ-ի փորձագիտական խմբի քննարկմանը

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ Դավիթ Թումասյանը մասնակցել է Վիեննայում 2016թ. նոյեմբերի 10-11-ին տեղի ունեցած «Մարդկանց թրաֆիքինգի միջազգային իրավական սահմանումը՝ կատարված հետազոտությունների և բարձրացված հարցերի վերլուծության ամփոփում» խորագրով քննարկմանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այն կազմակերպվել էր ՄԱԿ-ի հանցավորության և թմրամիջոցների գրասենյակի կողմից, որին մասնակցել են նաև միջազգային փորձագիտական խմբի անդամները:

Միջազգային փորձագիտական խմբում ընդգրկված են եղել ընդհանուր առմամբ 20 փորձագետ՝ ներկայացված ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, Սինգապուրից, Թունիսից, Թայլանդից և այլ երկրներից: ԱՊՀ երկրներից հրավիրված է եղել միայն Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցչի։

Քննարկումները ծավալվել են հետևյալ երեք ուղղություններով.

վիճակի խոցելիության օգտագործման հասկացության հստակեցում,

զոհի համաձայնության պարտադիր չլինելու պայմանի հստակեցում,

շահագործման հասկացության պարզաբանում և մեկնաբանում

Հանդիպման արդյունքում լրամշակվել է երեք ուղղությունները մեկնաբանող նախկինում այլ փորձագետների կողմից կազմված ուղեցույցը, որը, որպես խորհրդատվական բնույթ ունեցող փաստաթուղթ, կներկայացվի ՄԱԿ-ի անդամ-երկրներին՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում միասնական եզրույթներ և պրակտիկա ձևավորելու համար: Ինչպես նաև քննարկվել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի՝ ՄԱԿ-ի տիպային օրենքը և դրա ուղեցույցը:

Քննարկումների վերջում ՄԱԿ-ի հանցավորության և թմրամիջոցների գրասենյակի թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի ղեկավարը, ով հանդիսանում էր միջոցառման համակարգողը, իր գոհունակությունն է հայտնել մասնակիցներին: Նա վստահեցրել է, որ սա նոր համագործակցության առաջին քայլն է, քանի որ գրասենյակը պատրաստվում է շարունակել համագործակցությունը՝ մասնավորապես նման միջոցառմանն առաջին անգամ մասնակցություն ունեցող երկրների հետ, որոնց թվին է պատկանում նաև Հայաստանը:

1in.am