Դեկտեմբեր 05, 2016 09:39 Asia/Tehran
  • Հայաստանը Իրանի համար ճանապարհ է դեպի քրիստոնյա աշխարհ. իրանցի փորձագետ

Թեհրանի Ստրատեգիական ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող Վալի Քալեջին, անդրադառնալով դեկտեմբերին սպասվող Իրանի նախագահի առաջին պաշտոնական այցին Երևան, նշեց, որ այն շատ կարևոր է Հայաստանի և Իրանի համար:

Նա այցը տրամաբանական համարեց, քանի որ Հայաստանի նախագահը 2013 թվականին մասնակցել էր Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Փորձագետը Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց, որ Իրանի նախագահը Երևան է գալիս Սերժ Սարգսյանի հրավերով:

«Իր՝ Հայաստան այցից հետո Ռոհանին կայցելի Ղազախստան, հետո Ղրղըզստան: Ակնկալվում է, որ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը կքննարկի երկու երկրների միջև եղած երկկողմանի համագործակցությունը, նախագահները կփոխանակվեն տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին վերաբերող կարծիքներով, կանդրադառնան հատկապես Սիրիայում և Իրաքում տիրող ներկայիս բարդ իրավիճակին»,- մատնանշեց իրանցի փորձագետը:

Նա հատկանշական համարեց այն, որ Հայաստանի Հանրապետությունը միակ քրիստոնյա հարևան երկիրն է, որի հետ Իրանը լավ հարաբերություններ ունի և որը ճանապարհ է նրա համար դեպի քրիստոնյա աշխարհ:

«Ինչպես նաև, այդ հարաբերությունը Հայաստանի համար է ճանապարհ դեպի իսլամական աշխարհ և Միջին Արևելք: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զերիֆն է իր՝ 2015 թվականի հունվարի 27-ի Հայաստան այցի ժամանակ նշել, որ հայ-իրանական հարաբերությունները կարող են դառնալ լավ օրինակ դառնալ աշխարհի համար, թե ինչպես կարող են մուսուլմանական և քրիստոնյա երկրները հասնել խաղաղության՝ ապրելով կողք կողքի»,- ասաց նա:

Վալի Քալեջին նաև նկատեց, որ Իրանը ձգտում է բոլոր ոլորտներում խորացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ՝ որպես բարեկամ և հուսալի գործընկեր:

«Սպասվող այցի շրջանակներում, տեղի կունենա Հայաստանի և Իրանի տնտեսական հանձնաժողովների հանդիպում, որի ժամանակ կքննարկվեն երկու երկրների հարաբերությունները տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներում՝ ներառյալ գազն ու էլէներգիան, շրջակա միջավայրը, տեղեկատվական տեխնոլոգիաները և զբոսաշրջությունը: Այս համատեքստում, վիզային ռեժիմի չեղարկումը շատ կարևոր է երկու հարևան երկրների ժողովուրդների հաղորդակցության՝ տվյալների փոխանակման և առևտրային համագործակցության հարցում»,- նշեց նա:

Նրա դիտարկմամբ՝ քանի որ Հայաստանը միակն է Հարավային Կովկասի երկրներից, որը 2015-ին միացել է Եվրասիական տնտեսական միությանը, շնորհիվ դրա լուրջ քայլեր է ձեռնարկել զարգացնելու իր տարանցիկ ցանցերը: Վալի Քալեջին այդ համատեքստում կարևոր համարեց Միջազգային Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը, «Հայաստանի հարավային երկաթուղին», որը կարող է դառնալ փոխադրումների ամենակարճ երթուղին Սև ծովի նավահանգստից մինչև Պարսից ծոցի նավահանգիստներ:

«Բացի այդ, Հայաստանը որոշել է նախաձեռնել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը»՝ վերականգնելու Իրան-Հայաստան տարանցիկ ճանապարհը՝ ապահովելով ելք դեպի միջազգային առևտրային ուղիներ և շուկաներ: Ինչ վերաբերում է այս նախաձեռնությունների կարևորությանը Հարավային Կովկասի տնտեսությունների համար, պետք է նշել, որ հայ պաշտոնյաները շեշտել են, որ Հայաստանը հրաշալի մի վայր է, որը կկապի Իրանը Եվրասիական տնտեսական Միությանը և հայտարարել են, որ Միությունը ընդունում է Հայաստանի գաղափարը՝ ուսումնասիրել Հայաստանի և Իրանի միջև Ազատ տնտեսական գոտի հիմնելու սխեման: Գլխավորը Հայաստանի և Իրանի միջև Արաքսի Ազատ առևտրի և արդյունաբերության գոտին է, որը ներառում է Հայաստանի և Իրանի միջև գտնվող Նորդուզի Մաքսային սահմանը»,- ասաց նա:

Իրանցի փորձագետը կարծիք հայտնեց, որ Հայաստանի և Իրանի միջև հիմնվող Ազատ տնտեսական գոտին լայն հնարավորություններ կտա առևտրի հաղորդակցության համար:

«Հետևաբար, քաղաքական և տնտեսական օժանդակությունը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին՝ ներգրավելով Իրանը, Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը, կբերի ստրատեգիական կարևորություն՝ միացնելով երկրներ: Նախաձեռնությունները ոչ միայն կդիվերսիֆիկացնեն Հարավային Կովկասի տարանցիկ երթուղիները, այլ նաև կհանգեցնեն հյուսիս-հարավ տարանցիկ միջանցքի ավարտին և հեշտացնեն առևտրի և բիզնես կապերի համագործակցությունը տարածաշրջանի երկրների և Մոսկվայի ղեկավարությամբ հիմնված ԵԱՏՄ-ի միջև»,- նշեց Վալի Քալեջին:

Նա խոսեց նաև ֆինանսական պատժամիջոցների չեղարկվելուց հետո Իրանի արտաքին քաղաքականության և Հայաստանի հետ հարաբերությունների մասին:

«Իրանը նոր մակարդակի է հասել իր արտաքին և տնտեսական քաղաքականությունում՝ գերտերությունների հետ միջուկային զենքի մասին համաձայնությունից և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ Թեհրանի դեմ ֆինանսական սահմանափակումների հետագա չեղարկումից հետո: Այս իրադարձությունը մեծ հնարավորություն է Իրանի համար՝ լավացնելու իր հարաբերությունները հարևանների հետ: Այս շրջանակներում Իրանը միշտ էլ ողջունել է հարևան երկրների, հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խթանումը»,- մասնավորապես ասաց նա:

Նա նաև ավելացրեց․«Եթե դուք նայեք և հաշվի առնեք բոլոր այն պայմանագրերը, որոնք ստորագրվել են Իրանի և Հայաստանի միջև վերջին տարիներին, կհասկանաք, որ Հայաստանն ունի լավ և առանձնահատուկ տեղ սանկցիաների չեղարկելուց հետո Իրանի համար: Մյուս կողմից, Իրանը չի մոռանա այն երկրներին, ինչպիսին է հենց Հայաստանը, որոնք աշխատել են մեզ հետ դժվարին՝ Թեհրանի դեմ ֆինանսական սահմանափակումների ժամանակաշրջանում»:

Անդրադառնալով Հավարային Կովկասում Իրանի արտաքին քաղաքականությանն ու Ադրբեջանի հետ հարաբերություններին և պատասխանելով դիտարկմանը, թե Ադրբեջանը հաճախ է սպառնալիքներ հնչեցնում, թե իր հարաբերությունները կլավացնի Իսրայելի հետ, եթե Իրանը Հայաստանի հետ իր հարաբերությունները լավացնի, Վալի Քալեջին նշեց, որ վերջին երկուսուկես տասնամյակում Իրանը փորձել է որդեգրել հավասարակշռված մոտեցում հարավկովկասյան երկրների նկատմամբ:

«Ներկայում հավասարակշռված մոտեցման կարևորությունն այն է, որ Հարավային Կովկասի երեք հարևան երկրներից՝ Ռուսաստանից, Թուրքիայից և Իրանից միայն վերջինն ունի հարաբերություններ բոլորի հետ: Պատմականորեն հայ-թուրքական, ռուս-վրացական հարաբերությունները դադարեցվել են համապատասխանաբար 1992-ին և 2008-ին: Շատ վայրիվերումներով Իրանը պահպանել է իր հարաբերությունները կովկասյան երկրների հետ: Հետևաբար` սա համարվում է Իրանի արտաքին քաղաքականության արժեքավոր և արժանի կարողություններից: Մյուս կողմից, Իրանը թույլ չէր տա որևէ երրորդ երկրի, որ ազդեցություն ունենա Իրանի՝ Ադրբեջանի Հանրապետության կամ այլ հարևան երկրի հետ հարաբերությունների վրա»:

Tert.am

 

 

Պիտակ