Վրաստանը չի ցանկանում խնդիրներ առաջացնել Հայաստանի համար գազի տարանցման հարցում
Վրաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ համաձայնելով շարունակել իր տարածքով գազի մատակարարումը Հայաստանին` Վրաստանն ընդգծում է իր բարեկամ ու հարևան երկրի հետ տնտեսական ու քաղաքական մերձեցման կարևորությունը։ Վրաստանում Հայաստան առաքվող ռուսական գազի թեման շարունակվում է թեժ քննարակումների առարկա մնալ:«Ռադիոլուր»-ը ի մի է բերել ռուսական «Գազպրոմ»-ի հետ ստորագրված համաձայնագրի շուրջ հարևան երկրում տիրող իրարամերժ կարծիքները:
Վրաստանի իշխանությունները, տեղի տալով ընդդիմության պահանջներին, որոշ տեղեկություններ են հաղորդում «Գազպրոմ»-ի հետ ձեռք բերված հույժ գաղտնի համարվող պայմանագրից: Էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիաշվիլին տեղեկացրել է, որ Թբիլիսին եթե չհամաձայներ Մոսկվայի առաջ քաշած բանաձևին, ապա Վրաստանով գազի մատակարարումը կդադարեցվեր, իսկ Հայաստանը կստանար իրանական գազ:
«Իրան-Հայաստան գազատարի առկայությունը գաղտնիք չէ: Այս խողովակաշարի տարողունակությունը 2,3 մլրդ խորանարդ մետր է, ինչն ավելին է, քան Հայաստանի գազի պահանջարկը: Ապագայում պահանջարկի ավելացման դեպքում հնարավոր է բավականին արագ ձևափոխել ենթակառուցվածքը, այնպես, ինչպես Ռուսաստանը վարվեց Ուկրաինայի դեպքում, որտեղ նման ենթակառուցվածք ընդհանրապես գոյություն չուներ»:
Այս հայտարարությունն ընդդիմության կողմից ավելի սուր քննադատությունների պատճառ է դարձել: Ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Դարչիաշվիլին նշում է, որ Վրաստանը առաջին հերթին պետք է մտածի սեփական և ոչ թե հարևան երկրի շահերի մասին։
«Այս համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթացել են կուլիսների ետևում, հասարակությունը բավարար տեղեկատվություն չունի նրա բովանդակության մասին։ Ռուսաստանի հետ, սակայն, նման կարևոր հարցի շուրջ մենք զգուշորեն պետք է համաձայնության գանք. այն կապված է մեր ազգային անվտանգության հետ»:
Բացի այդ, ընդդիմությունը պնդում է, որ «Գազպրոմ»-ը գազը Հայաստան հասցնելու այլընտրանքային ճանապարհ չուներ, այլապես անցած տասը տարիներին այդ ճանապարհը կգործարկվեր:
Իշխանությունները համաձայնում են` թեև «Գազպրոմ» ընկերության հետ Հայաստանին գազի մատակարման պայմանների շուրջ ձեռք բերված համաձայնագիրը, ըստ որի Հայաստան գազի տարանցման համար Վրաստանն անցնում է ֆինանսական ուղղակի վճարումների մեխանիզմի (մինչ այդ Վրաստանը ստանում էր տարանցման ընդհանուր ծավալի 10 տոկոսը), այնքան էլ ընդունելի չէ, այդուհանդերձ մի շարք կարևոր հարցեր է լուծում:
«Հրաժարվել «Գազպրոմ»-ի այս նախապայմաններից, ինչպես ընդդիմությունն է առաջարկում, նշանակում է էներգետիկ խնդիրներ ստեղծել բարեկամ երկրի (Հայաստանի) համար, հրաժարվել տարանցիկ պետություն լինելու ֆունկցիայից, ընդհանրապես վերջ դնել «Գազպրոմ»-ի հետ բոլոր հարաբերություններին»,-ասում է «Վրացական երազանք»-ի առանցքային անդամներից, պատգամավոր Գիա Վոլսկին:
«Ռադիոլուրի» հետ զրույցում նա ասաց, որ Վրաստանի իշխանությունները չեն ուզում հարևան երկրի համար լրացուցիչ խնդիրներ ստեղծել. «Ընդունելով ռուսական կողմի նախապայմանները`Վրաստանը շարունակում է իր տարածքով Հայաստանին գազի մատակարարումը` այդպիսով ընդգծելով իր բարեկամ ու հարևան երկրի հետ տնտեսական ու քաղաքական մերձեցման կարևորությունը»։
Էներգետիկայի հարցերով անկախ փորձագետ Լիանա Ջարվելիձեն կարծում է, որ «Գազպրոմ»-ի առջև վրացական կողմի զիջումներն արդարացնում են տարանցիկ երկրի համբավը պահպանելու ընդհանուր դիրքորոշումը. «Բոլոր հնարավորություններն իրանական գազի Հայաստան մատակարարման համար կան. խողովակաշարը կա, եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի «Գազպրոմ»-ը կարող էր դա անել: Հայաստանը միգուցե Իրանից ստանար ավելի մեծ ծավալի գազ, որից կարող էր օգտվել նաև Վրաստանը։ Սակայն Վրաստանը չի ցանկանում ընդդիմանալով ռուսական կողմին` վտանգի տակ դնել տարանցիկ պետության համբավը»: