Վրաստանի ընդդիմությունը բացատրություն է պահանջել երկրի իշխանություններից Հայաստանի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i55518-Վրաստանի_ընդդիմությունը_բացատրություն_է_պահանջել_երկրի_իշխանություններից_Հայաստանի_հետ_պայմանավորվածությունների_վերաբերյալ
Աբխազիայով ռուս-հայկական երկաթուղային գծի հնարավոր վերականգնման մասին ԶԼՄ-ներում հրապարակված հաղորդագրություններին հետևել է Վրաստանի ընդդիմության սուր արձագանքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2017 16:01 Asia/Tehran
  • Վրաստանի ընդդիմությունը բացատրություն է պահանջել երկրի իշխանություններից Հայաստանի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ

Աբխազիայով ռուս-հայկական երկաթուղային գծի հնարավոր վերականգնման մասին ԶԼՄ-ներում հրապարակված հաղորդագրություններին հետևել է Վրաստանի ընդդիմության սուր արձագանքը:

Վրացական ընդդիմությունը երկրի իշխանություններից պահանջել է հրապարակել Հայաստանի հետ ընթացող բանակցությունների վերաբերյալ մանրամասներ, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում կարծում են, որ երկաթուղային գծի վերականգնումը հարվածի տակ կդնի Վրաստանի օկուպացված շրջանները չճանաչելու քաղաքականությունը: Կուսակցության ներկայացուցիչ Նիկա Ռուռուայի խոսքով՝ դա ազգային հարց է, և այն չի կարելի որոշել հետնաբեմում:

«Եվրոպական Վրաստան»-ի ներկայացուցիչներն էլ կարծում են, որ իշխանությունները երկրի համար վնասակար որոշումներ են կայացնում:

«Վրաստանն այսօր ղեկավարում է իշխանություն, որի նկատմամբ մեծ անվստահություն կա, որ այն զիջումներ է անում Ռուսաստանին: Դա լավ երևում էր նաև «Գազպրոմ»-ի օրինակով: Այդ պատճառով այս հարցում Վրաստանի իշխանությունը պարտավոր է հրապարակային ասել ճշմարտությունը, թե ինչ գործարքի հետ մենք գործ ունենք»,- հայտարարել է Զուրաբ Չիաբերիշվիլին:

Պատասխանելով ընդդիմության մեղադրանքներին՝ երկրի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը աբխազական երկաթուղային գծի բացման մասին խոսք չի գնացել: «Այդ մասին խոսք չի գնացել: Այդ կոնկրետ նախագծի վերաբերյալ քննարկում չի եղել նաև կառավարությունում»,- հայտարարել է Կալաձեն:

1in.am