Սեյրան Օհանյանը ներկա փուլում քիչ հավանական է համարում պատերազմի վերսկսումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i6595-Սեյրան_Օհանյանը_ներկա_փուլում_քիչ_հավանական_է_համարում_պատերազմի_վերսկսումը
Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2016 07:47 Asia/Tehran
  • Սեյրան Օհանյանը ներկա փուլում քիչ հավանական է համարում պատերազմի վերսկսումը

Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով պատերազմի վերսկսման հնարավորության վերաբերյալ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հարցին: «Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության տարած աշխատանքի հիմքում ընկած է հարցի քաղաքական, խաղաղ, երկխոսության միջոցով կարգավորումը: Դրա հիմքում պետք է ընկած լինեն վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ տարվող քայլերը և փոխադարձ համաձայնությունները»,- նշեց Օհանյանը:

Նախարարը ցավով նշեց, որ հակառակորդը չի ցանկանում կառուցողական աշխատանք տանել, չի ցանկանում վստահության մեխանիզմներ ձևավորել, զերծ մնալ առաջին գծում տարբեր խախտումներից, չխախտել հրադադարը, դիվերսիոն գործողություններ չիրականացնել:«Ադրբեջանը մերժում է նաև հրադադարի խախտումների միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկները: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը հետևողականորեն լարում է իրավիճակը՝ ունենալով երկրի ներսում քաղաքական նպատակներ, ինչպես նաև քաղաքական միակողմանի նպատակներ միջազգային ասպարեզում՝ չհասկանալով, որ մենք չենք վախենում: Ինչպես ասել է հանրապետության նախագահը, մենք պատերազմից վախենում ենք, սակայն կռվելուց չենք վախենում: Այսինքն, մենք պատրաստ ենք մեր երկիրը, ինչպես նաև մեր երկրի սուրբ մաս հանդիսացող Արցախը պաշտպանել»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Նա հավելեց, որ նման իրականության մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունն ամեն օր է պատրաստվում պատերազմի: «Բայց ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, միջազգային և տարածաշրջանային զարգացումներն այսօր նրա մասին չեն խոսում, որ կարող են լայնամասշտաբ մարտական գործողություններ ծավալվել, որովհետև մենք էլ մեր հերթին ամեն ինչ անում ենք հակառակորդի նկրտումները զսպելու համար: Եթե լինեն մարտական գործողություններ, ինչ արած, մենք անկասկած պետք է պաշտպանենք մեր հայրենիքը»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:

Artsakhpress.am

3/3/2016