Մայր Աթոռում սկսվել է միջմշակութային եւ միջկրոնական երկխոսությանը նվիրված կոնֆերանսը
Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանում, օրհնությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների ջանքերով` համագործակցությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի եւ ԵՀԽ-ի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի, իր աշխատանքը սկսեց «Միջմշակութային եւ միջկրոնական երկխոսություն. կրոնական թանգարանների առաքելությունը» խորագրով միջազգային կոնֆերանսը:
Կոնֆերանսին մասնակցում էին թանգարանագետներ, արվեստագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Իրանից եւ Ֆինլանդիայից:
Համաժողովը բացվեց Մայր Աթոռի թանգարանների եւ արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանի խոսքով: Տեր Հայրը տեղեկացրեց, որ մինչ օրս որեւէ վայրում, որեւէ հաստատության հովանու ներքո ի մի չեն ժողովվել կրոնական թանգարանները, ավելին, որեւէ կերպ լսելի չէ նրանց հավաքական ձայնը:
Անդրադառնալով կրոնական թանգարանների առաքելությանը նա մասնավորապես նշեց. «…Կրոնական թանգարանները, մեր խորին համոզմամբ, հենց այն հոգեղեն աղբյուրներն են, որոնց աստվածային ջուրը հոսելով գալիս լցվում է մարմինների մեջ՝ կատարելագործելով, ձեւավորելով մարդկային անձը: Եվ այսպես մարդը ճանաչում է իր աստվածային ծագումն ու կոչումը, գիտակցում, որ «ամենայն տուրք բարիք եւ ամենայն պարգեւք կատարեալք ի վերուստ են իջեալ առ ի Հօրէն լուսոյ», որով եւ իր անձնական նպաստն է բերում «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» հաստատմանն ու պահպանմանը: Իսկ այդ ամենով հանդերձ, կրոնական թանգարաններն իրենց առաքելությամբ մարդու առջեւ բացում են աստվածային մշակույթի դռները եւ նրան հայտնում ճշմարտությունը: Արդարեւ, երբ մարդ գիտակցեց, որ ինքն աստվածային մշակույթի ստեղծագործությունն է, նա իր արարելու կարողությունը, ինչպես Արարիչն Աստված, կծառայեցնի բացառապես բարին կերտելու, բարություն ու սեր սփռելու եւ լուսավորելու համար»: Ասողիկ քահանա նաեւ ընդգծեց, որ որեւէ կրոնական թանգարան կոչված է միջմշակութային ու միջկրոնական երկխոսության մեջ լինելու վառվող ճրագ` հաստատելով, որ այսօր, առավել քան երբեւէ, միջազգային հարաբերություններում մշակութային քաղաքականությունն առավել զորեղ է, առավել ներգործող է ու արդյունավետ, քան որեւէ այլ միջոց:
Այնուհետեւ մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` փոխանցելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները: Ողջույնի խոսք ասացին նաեւ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասում տարածաշրջանային ծրագրի տնօրեն դոկտոր Թոմաս Շրապելը, ԵՀԽ-ի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանը եւ Թանգարանների միջազգային կոմիտեի՝ ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանը:
Կոնֆերանսի առաջին օրը զեկույցներով հանդես եկան ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասծատրյանը («Կրոնների առաքելությունն անցյալում եւ այսօր»), Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու թանգարանի տնօրեն Թերեզա Թոնսը («Սանդուխք դեպի սրբություն. Թանգարան, որ ունի հոգի»), Սերգիեւ Պոսադի պատմության եւ արվեստի պետական-արգելոց թանգարանի փոխտնօրեն Սվետլանա Նիկոլաեւան («Թանգարանային ցուցահանդեսներն ու դուցադրությունները որպես հասարակության մեջ պատմական եւ մշակութային փոխհարաբերությունների բազմազանություն: Սերգիեւ Պոսադի պատմության եւ արվեստի պետական-արգելոց թանգարանի փորձը»), Իտալիայի եպիսկոպոսական ժողովի եկեղեցական-մշակութային ժառանգության ազգային գրասենյակի տնօրեն Վալերիո Պենասսոն («Եկեղեցական թանգարանը միջնորդության եւ փոխհարաբերությունների մշակութային գործիք է: Իտալիայի եկեղեցիների ժառանգության արժեւորումը»), ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կցորդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին («Թանգարանների ցուցահանդեսները որպես ազգերի միջեւ խաղաղության հաստատման միջոց») եւ Սանկտ Պետերբուրգի Աստվածաբանության Ակադեմիայի եկեղեցա-հնագիտական թանգարանի տնօրեն Ելենա Նիկոլաեւան («Սանկտ-Պետերբուրգի աստվածաբանական ակադեմիայի եկեղեցա-հնագիտական թանգարան. Ծագման պատմություն եւ զարգացման հեռանկարներ»):
Օրվա նիստերից հետո կոնֆերանսի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ, մասնակցեցին Մայր Աթոռի «Ռուբեն Սեւակ» թանգարանում կազմակերպված «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների համերգին:
Կոնֆերանսը կշարունակվի նաեւ հոկտեմբերի 31-ին:
News.am