ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները նախորդ ամիս այցելել են ադրբեջանական սահմանն անցած և գերի ընկած Արսեն Բաղդասարյանին և Զավեն Կարապետյանին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: ԿԽՄԿ աշխատակիցների միջնորդությամբ` գերիները տեղեկություններով են փոխանակվել ընտանիքների հետ: ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբեր 26-ին: 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ դիվերսիոն գործողություններ կատարելու մեղադրանքով: Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, ինչի ընթացքում էլ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը ձերբակալվել է։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ պնդումները` տեղեկացնելով, որ լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել էր մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված էր եղել ծառայությունից: 1974 թվականին ծնված Զավեն Կարապետյանն Ադրբեջանում է հայտնվել հունիսի 20-ի երեկոյան՝ հատելով հայ- ադրբեջանական սահմանը: Նա ունի մտավոր խնդիրներ, նախկինում եղել է մանկատան սան:
armenpress.am