Իրանի և Հայաստանի միջև զբաղվածության ու կրթության ոլորտում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մոհամմադ Շարիաթմադարին և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ տեխնիկական ու մասնագիտական կրթության, սոցիալական բարեկեցության և աշխատանքի ու զբաղվածության հարցերի ոլորտում համագործակցության մասին:
Մոհամմադ Շարիաթմադարին Զարուհի Բաթոյանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ ասել է.«Իրանի իսլամական հանրապետության քաղաքականությունը հարևան ու տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն է»:
Շարիաթմադարին կարևորել է 2011 թվականին աշխատանքային և սոցիալական հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը կյանքի կոչելուն ուղղված Թեհրանի և Երևանի ջանքերը:
Նշելով, որ երկու երկրի միջև համագործակցության բազմաթիվ ընդհանուր եզրեր կան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասել է.«Հայաստանը ցանկանում է օգտագործել Իրանի փորձը՝ կապված խոցելի խավերի, հաշմանդամների, երեխաների, տարեցների ու կանանց հետ»:
«Իրանի և Հայաստանի միջև գործողությունների համատեղ ծրագրի ստորագրմամբ, երկու երկրների միջև հարաբերություններն էլ ավելի կընդլայնվեն»,հավելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: